Եվրոպական միասնությունը ստիպելու է Էրդողանին հետ կանգնել իր ագրեսիվ քաղաքականությունից. Բրյուսելի աղբյուր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հետ կկանգնի» իր ագրեսիվ քաղաքականությունից, եթե եվրոպական երկրները միասնականություն ցուցաբերեն։ Այս մասին նախօրեին Բրյուսելում գործող Euractiv լրատվական ցանցին ասել է ԵՄ աղբյուրը:
Ըստ աղբյուրի, Թուրքիայի նախագահը փորձարկում է իր հզորության սահմանները՝ միաժամանակ կիրառելով Մոսկվայի մարտավարությունը:
«Անցյալ ուրբաթ (նոյեմբերի 20-ին) տեղի ունեցավ հանդիպում Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինի հետ, շաբաթ օրը Էրդողանը ասաց, որ Թուրքիան պատկանում է Եվրոպային, և միևնույն ժամանակ, նա նոր NAVTEX արձակեց Արևելյան Միջերկրական ծովում, ապա տեղի ունեցավ IRINI գործողության հետ կապված միջադեպ: Թվում է, թե Էրդողանը կատակում է, ջրեր է փորձարկում կամ ցանկանում է լիակատար առճակատում», - ասում է աղբյուրը՝ նկատի ունենալով նավիգացիոն տեղեկատվական համակարգը, որն օգտագործվում է Թուրքիայի միջերկրածովյան ածխաջրածինների որոնողական աշխատանքների համար, և վերջերս Լիբիայի հետ կապված թուրքական նավի խուզարկությունը Գերմանական ֆրեգատի կողմից:
«Եվրոպան այժմ հասկանում է, որ Էրդողանը օգտագործում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մարտավարությունը: Նա իր քայլերով ստուգում է Եվրոպայի արձագանքը և, համապատասխանաբար, տեսնում է, թե որքան հեռու կարող է գնալ», - հավելել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-11-ին նախատեսվում է ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը, որը քննարկելու է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ապագան։