Իջևանում պահանջել են Փաշինյանի հրաժարականը
«Փաշինյանն ու իր թիմը ոտնահարել են «թավշյա հեղափոխության» արժեքները, հիասթափեցրել են իրենց սատարողներին և պետք է հեռանան»,- Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։
Նա այսօր Իջևանի Շատրվանների հրապարակում մասնակցել է քաղաքացիական անհնազանդության ակցիային՝ պայքարելու իրենց խաբած, հեղափոխության արժեքները փաստացի ոտնահարած և ոտնահարող անձանց դեմ։
Մի քանի օրից ակցիայի մասնակիցները ոտքով կշարժվեն դեպի Երևան, նրանց կմիանան ցուցարարներ նաև այլ համայնքներից։
Նա իջևանցիներից նամակներ է ստանում, որոնցում ասվում է՝ իշխանությունները ոտնահարել են հեղափոխության գաղափարախոսությունը, ձախողել են արժեքները։
«Հիմնական պատճառը դա է, որ դուրս ենք եկել և պայքարում ենք, որովհետև միայն հեղափոխական գաղափարախոսության վերականգնմամբ կարող ենք ունենալ հզոր երկիր։ Նման պայմաններում չենք կարող»,-ասել է Սուրեն Մանուկյանը։
Դրան գումարվեց նաև պատերազմում պարտվելը․ սա արդեն վերջին սահմանն էր։
«Մենք այն տեսակը չենք, որ համակերպվենք այս պարտության հետ, մենք եթե այսօր չխոսենք, լռենք, ես կարծում եմ, որ դավաճանած կլինենք ինքներս մեզ։ Հասարակությունից բազմաթիվ զանգեր եմ ստացել, որ մարդիկ, որոնք այն ժամանակ հեղափոխություն են կատարել, այսօր հիասթափված են․ հիմնականում պատերազմի այս ոչ ճիշտ կազմակերպվածությունից, իրենց որդեգրած քաղաքականությունից, անօրինականություններից, որ տիրում են այսօր երկրում։ Հենց այդ էլ պատճառ է հանդիսացել, որ այսօր մենք որոշեցինք դուրս գալ և պայքարել փողոցում»,-ասաց Սուրեն Մանուկյանը։
Այսօր Իջևանի Շատրվանների հրապարակում որոշել են առաջիկա անելիքը, ապա շարժվել են զոհված ազատամարտիկների հուշարձան, ծաղիկներ դրել, մոմ վառեցին տեղի եկեղեցում։ Մի քանի օրից ոտքով կշարժվեն դեպի Երևան։