Զինծառայողն ասում է՝ «Մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են»
Պաշտպանության նախարարության դիմաց կրկին հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները, հարազատները։
ՊՆ բարոյահոգեբանական ապահովման բաժանմունքի պետն ասաց, որ նորություն կարող է լինել կոնկրետ տարածքներում գործողություններ անելուց հետո։
«Արդյունքը, նորությունը կախված է կոնկրետ տարածքում գործողությունից»,- նշեց նա։
2002 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանի հայրն ասաց, որ տղան վերջին անգամ զանգել է սեպտեմբերի 29-ին Ջաբրայիլից, հետո գնացել են Հադրութ։ Հոկտեմբերի 7-ին նկարվել է, ամիս 8-ից լուր չունեն։
«Նկարվել է ընկերոջ հետ։ Ընկերը վիրավոր է։ 4-5 անգամ փակ համարով զանգել են գիշերային ժամերին։ Ասում ենք ալո, ձայն չեն հանում։ Մտածում ենք՝ երեխես լինի, վախից չի խոսում, չգիտեմ։ Ասացինք, ասում են՝ մենք չենք կարող օգնել։ Պետք է ոստիկանություն գնամ։ Ամեն տեղ գնացել եմ, Հոկտեմբերյան, Մարտունի, հեռու տնից՝ մորգերով։ Այսօր եկել եմ այստեղ, տեսնեմ ինչ կլինի»,- ասաց նա։
Ծնողներից մեկը որդուց լուր չունի հոկտեմբերի 13-ից, վերջին անգամ Հադրութի շրջանում է եղել։
Լյովա Մնացականյանի որդին 29 տարեկան է, 4-5 հոգով են եղել, սնունդ, զենք են տարել առաջնագիծ Հադրութի ուղղությամբ, այլևս տեղեկություն չունեն։
«Որտե՞ղ փնտրենք։ Ուր գնում ենք, նույն բանն են ասում»,- նշեց ծնողը։
Զինծառայողի հարազատ Մանուկ Խաչատրյանը այլ խնդիրների մասին բարձրաձայնեց։ Նա նշեց, որ տարբեր զորամասերի, հատկապես ՊԲ, շատ զինծառայողներից ահազանգ են ստացել, որ մշտական տեղակայման վայրեր չունեն։
«16-17 օրը բավական շատ ժամանակ է զբաղվել տարրական պայմանների ապահովմամբ. զինվորները քնում են գետնին, չունեն կենցաղային նորմալ պայմաններ։ Ծնողներն ահազանգում են, որ իրենց երեխաներն ունեն թեթև քերծվածքներ, բայց բժշկական աջակցություն չեն ստանում։
Հասկանալի է իրավիճակը, բայց զինվորներն էլ ուզում են ընդամենը պատշաճ կազմակերպված վերաբեմունք, բուժզննում։ Մեծ հաշվով բանի տեղ դնող չկա»,- ասաց նա։
Զինծառայողի մայր Լուսինե Հարոյան ասաց, որ տղան ծառայել է Արցախում՝ Արա լեռում, որն այժմ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Իմ տղայի զորամասն այլևս չկա։ Հիմա իմ տղան Մարտունիում է։ Իրենց լավագույն դեպքում տեղակայում են դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ չեն կարող լինել անկողիններ, գետնին են քնում։ Լավագույն դեպքում կարող են տրամադրել քնապարկեր։ Հիմա երեխաներին տանում են դիրքեր փորելու, նորից մարտական հերթապահության, կրակային դիրքեր։
Մեր պահանջն է՝ երեխաներին պատշաճ բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերվի»,- նշեց զինվորի մայրը։
Մեկ այլ ծնող էլ նշեց, որ երեխաները հյուծված են, նույնիսկ Արցախի նախագահն է իր ելույթում ասել, ինչի՞ մինչև այժմ երեխաներին չի տրվում հանգիստ, չեն անցնում բուժզննում։
«Մենք համաձայն ենք՝ մեր միջոցներով տանել մեր երեխաներին բուժզննման, ապահովել իրենց հանգիստը գոնե 15-20 օր ժամկետով»,- նշեց զինվորի մայրը։
Ծնողներն ասում են՝ այս պահին իրենց հետաքրքրում է իրենց երեխաների առողջական վիճակը, պետք է շուտափույթ վերադառնան, գոնե ապաքինվեն, հանգստանան, իսկ հետագա ծառայությունից չեն խուսափում։
«Տղաս ասում է՝ մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են։ ... Իրենց մասին այսօր ոչ մեկ չի հիշում։ Մարդն արժեք չունի, հատկապես հայ զինվորը։ Ամենավերջին էա՞կ է, որ ուշադրության էլ արժանի չէ։ Միայն գործիք է։ Մեղք ենք այդ երեխաները՝ անտառային կենդանիների, դիվերսանտների հարևանությամբ են։ ... Մարտակերտի շրջանում են։
Բոլորը հազում են, գիպային վիճակում են։ Գետնի վրա են քնում։ Սրան էին արժանի՞, որ անտառային կենդանիների և փտած դիակների կողքին են մնում։ Արդյո՞ք դա է մեր պատկերը, որ հայ զինվորին այսօր մոռացել ենք, իրենց մասին ոչ ոք չի հիշում»,- նշեց ծնողներից մեկը։
Ծնողներից մեկն ասաց, որ իրենք պահանջել են հանդիպում պաշտպանության նախարարի հետ, ձևակերպել են իերնց պահանջները գրավոր՝ արձակուրդի, հանգստի ապահովում զինծառայողներին, հետագայում որ զորամասերում են շարունակելու ծառայությունը։
«Հանդիպման ժամկետ չի նշվել, կտեղեկացնեն»,- նշեց ծնողը։
Հարակից հրապարակումներ`
- Սպասվում է վարչապետի հանդիպումը ՝ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
- 50 օր է խաբար չունենք մեր երեխաներից, նոր հանձաժողով եք ստեղծո՞ւմ. Զինծառայողի ծնողը՝ ի պատասխան վարչապետի հանձնարարության
- Անհետ կորած զինվորների ծնողներին Անդրանիկ Քոչարյանի առաջարկը զայրացրեց
- Գագիկ Ծառուկյան. Թող վախենան զոհված, անհայտ կորած զինվորների ծնողներից, ոչ թե Ծառուկյանից
- Զինծառայողի ծնողը՝ Դավիթ Տոնոյանին. Մեր երեխաներին մենակ մի թողեք այս քաոսային իրավիճակում