Պատերազմից հետո Արցախում լիբանանահայեր են անհետացել
Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո նոյեմբերի 10-ին երկու լիբանանահայ է անհետացել: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Մենք այսօր ունենք երկու լիբանանահայ, որոնք անհետացել են: Մեկ կին և մեկ տղամարդ անհետացել են Արցախում, զինադադարից հետո: Գնացել են իրենց ունեցվածքը հանելու և այդ մարդիկ չկան: Փորձում ենք պարզել, թե որտեղ են, բայց չենք կարողանում գտնել նրանց, թուրքերի մոտ են իրենց հեռախոսները»,- նշել է Սինանյանը:
Լիբանանահայերից մեկը հայրենիք է վերադարձել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո` ցանկություն հայտնելով վերաբնակվել Արցախում: Նա ժամանակավորապես տեղավորվել է Շուշի քաղաքի հյուրանոցում` մինչև բնակության համար հատկացվելիք տան հանձնումը: Պատերազմը սկսվելուց հետո տեղափոխվել է Գորիս, իսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո` նոյեմբերի 10-ին, մեկ այլ լիբանանահայ տղամարդու հետ Բերձորից ենթադրաբար մեկնել է Շուշի` իր իրերի հետևից:
Լիբանանահայերի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ ավելի ուշ թուրք կամ ազերի անձինք պատասխանել են նրանց հեռախոսին, սկզբում հայտնել, որ կինը գերի է, հետո նշել, թե սպանված է: Լիբանանահայ տղամարդու վերաբերյալ տեղեկություններ չկան:
Դեպքի վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր Խաչին և Ազգային անվտանգության ծառայությանը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրանուշ Սահակյան. Հայ ռազմագերիների հարցերով կարծես ՄԻԵԴ-ն իր մոտեցման մեջ հետևողական է
- ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահին անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը
- Արցախի ՄԻՊ-ը հաստատում է 4 քաղաքացիական անձանց գերեվարվելու մասին լուրը