Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակելու. Տոնոյան
«Այն, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությունը բացարձակ հիմնազուրկ է, որևէ կասկած չկա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նա վստահեցրեց, որ կատարվածը քաղաքական հետապնդում է. դա Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական հաշվեհարդար է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։
«Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակելու, այդ իշխանության ներկայացուցիչներն են, որ մանդատն իրենց կյանքի միակ նպատակ են համարում։ Ես իհարկե, գնահատում եմ իշխանությունների անձնազոհությունը, որ ամեն կերպ փորձում են կրծքով պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգումը։ Բայց դա պարտության դատապարտված գործելաոճ է, որը, միանշանակ, ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականով»,- շեշտեց պատգամավորը։
Իվետա Տոնոյանը նկատեց՝ ընդդիմությունը, օրենքով սահմանված բոլոր գործիքակազմերն օգտագործելու է՝ պահանջելու համար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ըստ նրա, իշխանություններն այսօր բավականաչափ ազնվություն և պարկեշտություն չունեն՝ խոստովանելու, որ ռազմական դրությունը չչեղարկելու իրենց ցանկության հիմքում ընդամենը այն վախն է, որ խորհրդարանական ընդդիմությունը դրանից 48 կամ 72 ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ է հանդես գալու.
«Բայց իրենք, ցավոք սրտի, չեն կարող հավերժ իրենց այդ մտավախությամբ առաջնորդվել։ Մենք երբևէ իրադարձություններից առաջ չենք ընկնում։ Եթե իշխանություններն իրենց մեջ գտնեն բավականաչափ քաղաքական կամք, պարկեշտություն, ազնվություն և, ի վերջո, հայրենասիրություն, ապա կչեղարկեն ռազմական դրությունը, և բնականաբար, մենք մեր հետագա քայլերի մասին կհայտնենք»։
Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանի կառավարումն այլևս ոչ մի հեռանկար չունի, և տրամաբանական է նրա հեռացումը։
«Մենք դեռևս չունենք որևէ ընդհանրական քննարկում, և կոնկրետ անձի շուրջ չենք ձևավորում պաշտամունքի մթնոլորտ, ինչը եղավ Նիկոլ Փաշինյանի դեպքում։ Այստեղ կարևոր է կառավարության կազմում հավաքագրել սկզբունքներով և հայրենասիրությամբ առաջնորդվող այն մարդկանց, որոնք կարող են երկիրը հանել ստեղծված օրհասական և խայտառակ իրավիճակից։ Իսկ թե ով կհամակարգի այդ մարդկանց, պետք է որոշվի՝ հաշվի առնելով հասարակության և քաղաքական ուժերի կարծիքը»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան