«Ժողովուրդ». «Պետք է ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների համար արտերկիր գնալու խոչընդոտներ ստեղծենք ու դա անենք հիմա»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հարուցված քրական գործերի շրջանակներում ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ գործողություններ են իրականացվել, և, առհասարակ, այդ քրեական գործերի քննությունը որ փուլում է։
Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջազգային ահաբեկչության, Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու և այլ դեպքերով հարուցված քրեական գործերի մասին է:
Բանն այն է, որ մինչ մեր դատախազությունը գործեր է հարուցել, դեռ քննություն է անում, Ադրբեջանի իրավապահները գործի են անցել։ Օրերս հայտնի դարձավ, որ նախկին պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Սա նշանակում է, որ նա չի կարող երկրից դուրս գալ, անգամ ոտքի հետ կապված բուժման խնդիրներով։ Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը. հենց այս հարցերի պատասխաններն է փորձել ստանալ պատգամավորը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց. «Ես սպասում եմ պատասխանների։ Ինձ շատ հետաքրքիր է՝ ադրբեջանական բարբարոս բանակի որ սպան է միջազգային իրավական դաշտում խնդիրների առջև կանգնել։ Իսկ եթե չի կանգնել, ինչո՞ւ։ Կարևոր է, որ մենք հիմա իրավական հարձակման ենթարկենք Ադրբեջանին:
Որպես հիմնավորում, անշուշտ, պետք է ներկայացնենք պատերազմական հանցագործության տարբեր դրսևորումներ»։ Պատգամավորը հավելեց, որ պետք է ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների համար արտերկիր գնալու խոչընդոտներ ստեղծենք ու դա անենք հիմա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում