Զինծառայողների ծնողներ կան՝ չեչեն հեղինակությունների են փորձում դիմել, որ իրենց երեխաներին հետ բերեն. Զոհրաբյան
«Թուրքի սահմանն այլևս, Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ», մեր հայրենիքի հսկայածավալ սահմանն է: Ասում եք՝ այս թուղթը եռակողմ ստորագրված փաստաթուղթ է, և այդ նվաստացուցիչ ժամանակացույցով մենք հայրենիք ենք հանձնում»,- ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և նկատեց, որ առաջիկայում քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե Արցախի հանձնելը եղել է անմեղսունակության, տգիտության, դիլետանտիզմի, խելահեղ փառասիրության, թե դավաճանության արդյունք:
«Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը դարձել է Ջոնի Բրջոնին: Ես անհարմար եմ զգում որպես հայ, ես ցավ եմ ապրում, գլուխս կախում եմ, չեմ ուզում նայել, քանի որ դա իմ հայի արժանապատվությունն է վիրավորում, որ մեջլիսում պատրաստվում են ներկայացնել նախաձեռնություն՝ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոս տալու»,- հայտարարեց պատգամավորը:
Նկատելով, որ Ռուսաստանի և Պուտինի համար եռակողմ հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանը դավաճան չի կարող լինել՝ Զոհրաբյանը հայտարարեց, որ դրա փոխարեն Ադրբեջանի և Ալիևի համար է ազգային հերոս: Ըստ պատգամավորի, իշխանությունները չեն ուզում ընդունել, որ Ցեղասպանությունից հետո կապիտուլացիայի փաստաթուղթը Հայաստանի ամենածանր հարվածն էր:
Պատգամավորը հայտարարեց, որ մարդը, որը երկուսուկես տարի առաջ իշխանության եկավ որպես կուռք, երկու տարվա մեջ վերածվեց արհավիրքի, և հիմա անհետ կորածների ծնողների հետ հանդիպումների ժամանակ ամեն պատի տակ մի քանի թիկնապահ կա:
«Այդ մարդը դարձել է Չեխովի «Պատյանով մարդը», նա վախենում է ամեն ինչից, ամեն տեղ դավադրություններ է տեսնում, բոլորի մեջ տեսնում է իր անձին, աթոռը վտանգող դավադրություն: Քաղաքակրթության, գալակտիկայի մեջ չի կարող լինել դեպք, երբ երկիրը կառավարի պարտված ղեկավարը: Հայաստանի անվտանգությունն այլևս մեծագույն ռիսկի տակ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով թուրքի սահմանը եկել է յուրաքանչյուրիս տուն»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի, ռազմական դրությունը պետք է հանվի, որ հնարավորություն լինի խորհրդարանում սկսել պարտված ղեկավարի իմպիչմենտի գործընթացը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը իշխանություններին մեղադրեց անգործության մեջ և հայտարարեց, որ այսօր զինծառայողների ծնողներ կան, որ չեչեն հեղինակությունների են փորձում դիմել, որպեսզի կարողանան տարբեր ճանապարհներով իրենց երեխաներին հետ բերեն:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր գերատեսչության ծուլության և անհեռանկար քաղաքականության հետևանքով, դիտարկում ենք տեխնիկական հարցեր. Անի Սամսոնյան
- Ինչո՞ւ է ռազմական դրությունը հանելուն կողմ ԳՇ ներկայացուցչի փոխարեն ԱԺ գալու ՊՆ գլխավոր քարտուղարը. Մարուքյան
- ԱԺ-ն քննարկում է ռազմական դրության վերացման որոշման նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին