Բունդեսթագի բանաձև՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ խաղաղության լուծման մշակման
Գերմանիայի Բունդեսթագը բանաձով աջակցություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ խաղաղության լուծման մշակմանը։ Այս մասին տեղեկացնում է Հայ-գերմանական իրավաբանական միությունը։
Բանաձևով Բունդեսթագը դաշնային կառավարությունից պահանջում է.
1. Հնարավոր դարձնել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ինչպիսիք են Կարմիր խաչը կամ Կարմիր կիսալուսինը, այն ուղեկցել դիվանագիտական մակարդակում և հոգ տանել այն բանի համար, որպեսզի շարունակվի տուժվածներին արագ և պատշաճ օգնության ցուցաբերումը:
2. Ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտող կողմերը պահպանեն զինադադարն ու մարդու իրավունքները, շտապ իրականացնեն ռազմագերիների և զոհվածների փոխանակումը:
3. ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությամբ՝ համաձայն Մադրիդյան սկզբունքների հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի երկարատև խաղաղություն ապահովող իրավական կարգավիճակի շուրջ, ինչը հնարավոր կդարձնի այնտեղ ապրող մարդկանց տևական խաղաղ և իրավահավասար գոյակցությունը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների համաձայն։
4. Կոչ անել բոլոր արտաքին դերակատարներին, մասնավորապես Ռուսաստանին և Թուրքիային, աշխատել այդպիսի բանակցային քաղաքական լուծման և հրադադարի ռեժիմի պահպանման օգտին, ինչպես նաև օգտագործել ուղարկված/տեղակայված խաղաղապահ ուժերին կամ հրադադարի պահպանման դիտորդական կենտրոնի մասնակցությունը՝ միայն հրադադարի ռեժիմի ապահովման մանդատի շրջանակներում:
5. Պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննություն իրականացնել:
6. Աշխատել միջազգային գործընկերների հետ` ապահովելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից և հարակից տարածքներից բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների՝ իրենց հայրենական տուն վերադառնալու իրավունքը և կյանքի անվտանգության երաշխիքը:
7. Խթանել հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունը՝ կրթության և իրազեկման մակարդակի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության՝ հնարավորինս անխոչընդոտ շփումների աջակցման միջոցով:
8. Հայաստանի տրանսֆորմացիոն և բարեփոխումների գործընթացին շարունակել աջակցություն ցույց տալ:
9. Ստուգել, թե որքանով է ԵՄ-ն ի վիճակի ստեղծել վերակառուցման հիմնադրամ՝ ամբողջ հակամարտության գոտում ՝ 1991-1994թ․թ․ և 2020 թվականների պատերազմում ավերված քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար:Սա կտա նաև հնարավորություն ներքին տեղահանված անձանց վերադարձ Ադրբեջան, ինչպես նաև Մոսկովյան հայտարարության համաձայն՝ տնտեսական կապեր հաստատելու հնարավորություն և հակամարտության բոլոր կողմերի համար կբերի «խաղաղության դիվիդենտ»-ի հեռանկարներ: Քանի որ ԵՄ-ն գործընկերային համաձայնագրերի և Արևելյան գործընկերության միջոցով կապված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, կարող է հետևել ԵՄ հնարավոր ներգրավվածությունը լայն շրջանակներում` մարդասիրական օգնություն, վերակառուցում, կայունացում, մշակութային արժեքների պաշտպանություն, ԵԱՀԿ-ի ջանքերի լրացուցիչ համալրում, վստահության ամրապնդման միջոցառումներ, հաշտեցում, միջամտություն բնակչության շերտերի միջև:
10. Աջակցել կրոնական դավանանքի ազատությունը և դարավոր մշակութային ու կրոնական բազմազանությունը տարածաշրջանում պաշտպանելու և այն ապագա սերնդին փոխանցելու գործում:
11. Աշխատել ուղիղ երկխոսության միջոցով և միջազգային համատեքստում ապահովել՝ հաճախ ավելի քան հազար տարվա պատմություն ունեցող հայ-քրիստոնեական վանքերի ու եկեղեցիների պաշտպանությունը և երկու դավանանքների պատմական նշանակություն ունեցող կրոնական հուշարձանների անհրաժեշտ վերակառուցման պատշաճ աջակցություն:
‼️ Resolution zur Unterstützung der Entwicklung einer langfristigen Friedenslösung in Bergkarabach ‼️