Փաշինյանի հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու. Վանեցյան
Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված ընդդիմադիր ուժերի հետագա գործողություններին, ԼՂ հարցի վերաբերյալ եռակողմ հայտարարության մասին իրենց մոտեցումներին, վարչապետ դառնալու իր նկրտումներին։
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ ակտիվորեն աշխատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուղղությամբ։
«Հասարակության մեջ ձևավորվել է գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս այն հարցի շուրջ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական առումով իրավունք չունի զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը և պետք է օր առաջ հեռանա»,-ասել է Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի զանգվածային ակցիաները որևէ արդյունքի չեն հանգեցրել։
«Պատերազմի սկզբից ի վեր Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը միտված են իր իշխանությունն ամեն կերպ պահպանելուն։ Բայց հավատացեք` նրա հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու, և նրա` վարչապետի պաշտոնին մնալու յուրաքանչյուր օրն ու վայրկյանը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար»,- շեշտեց Վանեցյանը։
Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի` Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը։
Վանեցյանը կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը։
Հարցին, թե ինչո՞ւ չի հավաքվում կրիտիկական այն զանգվածը, որի ճնշմամբ Փաշինյանը կարող է հեռանալ, Վանեցյանը պատասխանեց` կրիտիկական զանգվածը որոշվում է ոչ թե հրապարակում հավաքված մարդկանց քանակով, այլ մարդկանց ուղեղներում առկա ցանկություններով։ ԱԱԾ նախկին տնօրենը խոստովանեց, որ իրենց համար ևս դեռ հստակ չէ, թե Փաշինյանի հնարավոր հրաժարականի դեպքում ով է փոխարինելու նրան։