«Նամուս, թասիբ ունեցեք և իջեք». ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Ծառայությունը շարունակող ժամկետային զինծառայողների ծնողները կառավարությունում են՝ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց հորդորն է՝ արձակուրդ տրամադրել իրենց որդիներին, որոնք այժմ, ծնողների խոսքով, ծառայությունը շարունակում են անմխիթար պայմաններում։
Այսպիսով, ծնողները պահանջում են, որ մինչև նոյեմբերի 30-ը զինծառայողները լինեն Հայաստանի տարածքում։
«Այդ երեխաները պատերազմն անցան, հիմա էլ պետք է ամեն ինչ իրենք անե՞ն։ Ոչ մեկ չի ասում՝ թող իրենք հետ գան տուն, նստեն տանը։ Ոչ, պահանջում ենք պատճաշ բժշկական զննություն, հանգիստ։
Իրենց այնտեղ ոչ մի բանով չեն ապահովում։ Ամբողջ զորքը գրիպով հիվանդ է, բոլորը խոսելուց հազում են, անգամ քթի կաթիլներ չունեն։ Այդ երեխաները պատերազմի օրերին ողջ ժամանակ եղել են դրսում, պատերազմի ավարտից հետո 20 օր շարունակում են նույն ձևով ապրել։ Անգամ ստրուկներին այդպես չեն վերաբերել, ինչպես իրենց են վերաբերում, 18-20 տարեկան հերոսներին։ Ի՞նչ եղան այդ հերոսները»,- ասում են ծնողները։
Նշեցին, որ մի քանի օր եղել են պաշտպանության նախարարության մոտ, որևէ հստակ պատասխան չեն ստացել։ Այնտեղից այսօր ասել են՝ որևէ պատասխան չունեն, գնացեք կառավարության շենք։
«Եկել ենք, արդեն մոտ 2 ժամ է ու որևէ մեկը չի մոտեցել մեզ, մեզ մարդու տեղ դնող չկա։ Հիմա էլ այստեղ ասում են՝ սպասում են պաշտպանության նախարարությունից մարդու։ Հարգարժան պարոնայք՝ մենք խեղկատա՞կ ենք, պաշտպանության նախարարությունից կառավարության շենք, հիմա էլ պաշտպանության նախարարությունից է մարդ գալու։ Մենք պահանջում ենք գերագույն հրամանատարի՝ վարչապետի հետ հանդիպում։
Մենք այնտեղից չենք գնալու։ Սա ի՞նչ է, ոչ մեկ պատասխան չունի՞։ Արդյո՞ք այսօր ոչ մեկ պատասխան չունի զինվորների ծնողներին։ Այս ի՞նչ է կատարվում։
Պարոն վարչապետ, ձեր քույրերն ու եղբայրներն են ձեզ սպասում, որ ձեզ հետ քայլել են՝ հավատալով ձեզ։ Հպարտ ծնողներս, 44 օր չքնած, սպասում ենք։ Պատասխան չունե՞ք։ Սպասում ենք, չենք գնալու»,- նշեց ծնողներից մեկը։
Նրանք գոռում են՝ չկա որևէ երկիր, որտեղ անտեսեն զինվորին ու զինվորի ծնողին։
«10 օր է գնում-գալիս ենք։ Գերագույն գլխավոր հրամանատարը պաշտպանվելու համար բերել, ոստիկաններ է շարել կառավարության դիմաց։
Նամուս ունեցեք, թասիբ ունեցեք, մեկդ իջեք ու պատասխան տվեք, վախկոտներ»,- դիմելով կառավարությունում գտնող մարդկանց՝ ասաց ծնողներից մեկը։
«Վերևն Աստված կա։ Այս ամենը, ով սարքել է էս ժողովրդի գլխին, ինքը պատասխան է տալու։ Ու նենց է պատասխան տալու... Ավելի լավ է իր վզից մի ջաղացի քար կապի, իրեն ծովը գցի, քան կանգնի Աստծո դատաստանի տակ։ Չեմ կասկածում՝ այդ մարդը կանգնելու է դատաստանի առաջ»,- ասաց ծնողներից մեկը։