Լուրերը, թե հայ գերիների թիվը հասնում է 150-ի, կեղծ են. Զառա Ամատունի
«Որոնողական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 13-ից և այժմ էլ բավականին ակտիվ ռեժիմով ընթանում են»,- այսօր «Գերիներ ու անհայտ կորածներ. ո՞վ է զբաղվում նրանցով» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով, խնդիրները, որոնք առաջանում են որոնողական աշխատանքների ընթացքում, քննարկվում են կողմերի հետ, սակայն հրապարակման ենթակա չեն։ Ըստ Զառա Ամատունու, որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ռուս խաղաղապահները։
Անդրադառնալով հայ գերիների թվին՝ ԿԽՄԿ ներկայացուցիչը նշեց՝ լուրերը, թե հայ գերիների թիվը հասնում է 150-ի, կեղծ են.
«Շատ կարևոր է այս խնդիրը, և պետք է հաշվի առնել, թե որքան ցավագին են նմանատիպ տեղեկություններին արձագանքում ընտանիքները։ ԿԽՄԿ-ն, հաշվի առնելով իր աշխատանքի ձևաչափը, երբեք չի հրապարակում վիճակագրական տվյալներ, և չի էլ տրամադրելու։ Յուրաքանչյուր գերու համար աշխատում ենք երկու երկրների իշխանությունների հետ։ Եթե մենք տեսակցում ենք գերուն, ապա այդ մասին տեղեկացնում ենք վերջինիս ընտանիքին։ Մենք ունենք որոշակի մուտքի հնարավորություն, և կարողացել ենք այցելել գերիներին։ Սակայն մենք որևէ թիվ կամ ընդհանուր տվյալ չենք հրապարակել, իսկ համացանցում առկա տեղեկությունները կեղծ են և սուտ»։
Հարցին, թե ինչու թիվը չի հրապարակվում, Զառա Ամատունին պատասխանեց, որ իրենք աշխատում են պատասխանատու երկրների իշխանությունների հետ, և փորձում են կողմերի միջև երկխոսություն ծավալել՝ գերակա դարձնելով գերիների շահերը։
«Բացի այդ, մենք ցանկանում ենք այս մարդկանց հեռու պահել հանրային ուշադրության կենտրոնից, քանի որ մարդիկ գտնվում են բավականին բարդ իրավիճակում։ Հանրությունը կարող է աջակցել այս գործընթացին, եթե կոնկրետ երկիրը նման առաջարկ ներկայացնի, բայց ԿԽՄԿ-ն նման գործառույթ չունի։ Մեր գործառույթն է այցելել գերիներին, օգնել նրանց, քանի դեռ նրանք անազատության մեջ են։ Մենք չենք կարող կողմերին ստիպել կամ նրանց փոխարեն որոշել ու ազատել տղաներին։ Իհարկե, մենք կողմ ենք, որ ժամ առաջ գերիներն ազատ արձակվեն, բայց որոշում ընդունելու լիազորություն մենք չունենք»,- շեշտեց ԿԽՄԿ ներկայացուցիչը։
Նա նաև տեղեկացրեց, որ միայն կողմերը կարող են որոշել՝ պաշտոնապես հրապարակե՞լ իրենց ունեցած վիճակագրական տվյալները, թե՞՝ ոչ.
«Մենք որևէ վիճակագրական տվյալ չենք հրապարակում, քանի որ դա մեր գործը չէ»։
Հարակից հրապարակումներ`
- «Լուրեր կան, որ մեր ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի օրգանների փոխպատվաստում անեն»
- Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՄԻՊ
- Հայ գերիներին ստորացումնից զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք. Սրբուհի Գրիգորյան
- Մինչ տարածքներն ափալ-թափալ հանձնելը, ՀՀ իշխանությունը պետք է լուծեր ռազմագերիների, անհետ կորածների հարցը. Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան