Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում մոտ 23 մլն ԱՄՆ դոլար է հանգանակվել
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Գոհաբանության օրը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»:
Հիմնադրամից հայտնում են, հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը՝ Հեռուստամարաթոնն այս տարի տևել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն, սակայն ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար:
«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, շուրջ 100.000 մարդու, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,–նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:
Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև Հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն արել: Մեծ է նաև հայ համայնքի դերն անմիջական հումանիտար օգնություն հավաքագրելու և Հայաստան ու Արցախ հասցնելու գործում, որի արդյունքոմ ճգնաժամի առաջին օրվանից մի քանի ինքնաթիռներով հարյուր տոննայից ավել մարդասիրական օգնություն է ուղարկվել հայրենիք՝ բժշկական սարքավորումների, դեղորայքների, տաք հագուստի, դիզելային գեներատորների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով:
Հիմնադրամից հայտնում են, որ նոյեմբերի 22–ին սկսված Ֆրանսիական Հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3.132.000 ԱՄՆ դոլար:
«Շնորհակալություն բոլոր նվիրատուներին շարունակական աջակցության, նվիրումի և արցախահայության կողքին կանգնելու համար»,-նշում են հիմնադրամից։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ–ի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել էր 9 856 100 դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Համահայկական հիմնադրամից Կառավարությանը գումարներ փոխանցելու մոտեցումն արդարացի է. Թունյան
- «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամական աջակցություն կհատկացնի 30-35 հազար տեղահանվածների
- «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը. փոխվարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան