Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է
Քաշաթաղի Բերձոր քաղաքի ու հարակից Աղավնո գյուղի բնակչության տարհանել-չտարհանելու հարցը վերջին օրերի ամենաքննարկված ու միաժամանակ անորոշ հարցն է։
Նախորդ օրվա տարածված պաշտոնական տեղեկատվությունը հաջորդ րոպեին դառնում է ապատեղեկատվություն, առավոտյան լուրերը կեսօրին արդեն այլ բնույթ են ստանում։
Ի՞նչ է այս պահին հայտնի քաղաքի մասին։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանին։
«Հայտնի է, որ Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է, ապրում է խաղաղ և երջանիկ»,- ասաց նա։
Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում նշեց՝ ինքն էլ է շրջանի ղեկավարից նման տեղեկություններ ստացել։ Քաղաքի բնակիչներին ուրախացրել է լուրը։
«Մարդկանց շրջանում տրամադրությունները տարբեր են՝ և մնացողներ կան, և դուրս եկողներ, և վերադարձողներ։ Բայց հիմնական մասը մնում է, քանի որ մարդիկ ապրելու տեղի խնդիր ունեն, ո՞ւր գնան։ Ես ունեմ չորս երեխա, կինս երեխաների հետ հիմա Երևանում է, ես այստեղ եմ՝ բայց անընդհատ մտածում եմ, եթե դուրս գալու լինեմ, ո՞ւր գնամ»,- ասաց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած հայտարարության համաձայն, Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը կանցի Ադրբեջանին։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:
Կառավարության պաշտոնական հրապարակված Ադրբեջանին հանձնվող համայնքների ցանկում Բերձոր քաղաքան ու Աղավնո գյուղը չկան։
Հարակից հրապարակումներ`
- Բերձոր. Անտերություն ու տագնապ
- «Բերձորը տալի՞ս ենք, թե՞ չէ». Քաղաքի բնակիչներն ակնկալում են պաշտոնատար անձանց հստակ պատասխան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին