Հավաքների ազատության արգելքը վերացված է. Ղազինյան
Հավաքների ազատության արգելքը վերացված է: Այս մասին հայտնել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ Նա նշել է, որ ՀՀ վարչական դատարանը բավարարել է Արթուր Ղազինյանի, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի ներկայացրած հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:
«Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը նույնպես հայտնում է, որ
դիմել էին դատարան այս պայմաններում հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությամբ։
«Քիչ առաջ դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը։ Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։
Շնորհակալ ենք արդարադատությունը կյանքի կոչողներին»,- նշել է նա։