ԱԳ նախարարը Լըմուանի հետ հանդիպմանն ընդգծել է Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչների դուրս բերումը
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։
ԱԳ նախարարության փոխանցմամբ, ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելության և արցախահայությանը ցուցաբերած համերաշխության համար:
Հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը շեշտել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովելու և նրանց իրավունքների պաշտպանելու ուղղությամբ քայլերի հրատապությունը։ Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և ժողովրդին այս ճակատագրական պահին արցախահայության կողքին լինելու համար։
Նախարար Այվազյանը մատնանշել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն:
Այս համատեքստում երկուստեք նշվել է Թուրքիայի կողմից տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին դուրս բերելու կարևորությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:
ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախահայության իրավունքների և շահերի հասցեագրման շուրջ:
Այս համատեքստում նախարար Այվազյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ որպես անհրաժեշտ պայման իր պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապագա կառուցելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի պետքարտուղար Լըմուանն ու Յուրի Ջորկաեֆը Հայաստան են բերում հումանիտար օգնություն
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին