Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի դուրս հանի վարձկաններին տարածաշրջանից. Լըմուան
«Կան հարցեր, որոնք հայտարարության մեջ ներառված չեն: Օրինակ` Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետագա հնարավոր կարգավիճակի հարցը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:
Նրա խոսքով, կայունության և անվտանգության ապահովման խնդիրներ կան, այդ իսկ պատճառով հարկավոր է, որպեսզի բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության շրջանակում:
Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ նման ցանկությունը հայտնել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական իշխանությունները:
Ըստ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի, նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, որ իրերն անվանել է իրենց անուններով և նշել, որ Թուրքիայի կողմից սիրիացի վարձականներ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
«Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի այդ երկիրը հանի վարձկաններին տարածաշրջանից: Ֆրանսիան ցանկանում է նաև, որ իր եվրոպական գործընկերները քննարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Բնականաբար, կշարունակենք հետևողական լինել այս քաղաքական խնդիրներին, որպեսզի կարողանանք հանգել այս արդյունքներին»,- եզրափակել է Լըմուանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում