«Փաստ». Իշխանությունները պատերազմի ավարտից 17 օր անց ինչու չեն զորացրում «մոբ» ռեսուրսը
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության համառ ջանքերի շնորհիվ չընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը: Ընդդիմադիր բոլոր ուժերը վստահ են, որ սա արվում է բացառապես քաղաքական նպատակներով՝ ճնշելու բողոքի ակցիաները, հանրահավաքները, իրականացնելու ընդդիմադիրների ու ընդդիմախոսների ձերբակալություններ և այլ ճնշումներ:
Ի դեպ, այն պատճառաբանությունները, որոնք իշխանական որոշ պատգամավորներ բերում էին՝ ի պաշտպանություն ռազմական դրության պահպանման, փորձագետների կարծիքով, կարող են ոչ միայն տևական լինել, այլև մշտական (օրինակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիք և այլն):
Սակայն այստեղ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք: Իշխանությունները պատերազմի ավարտից նույնիսկ 17 օր անց չեն զորացրում «մոբ» (մոբիլիզացիոն) ռեսուրսը, որից ևս, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել չարաբաստիկ գիշերվա իր «լայվի» ժամանակ, ինչպես նաև հետագա օրերին՝ ի թիվս այլոց պարտության «մեղավոր» նշանակելով նաև նրանց:
Մեր ունեցած տեղեկություններով՝ «մոբը» չզորացրելու համար իշխանությունները մի քանի պատճառ ունեն: Նախ՝ վախենում են, որ այս թեժ օրերին այդ մարդիկ կվերադառնան ու կպատմեն ողջ իրականությունը, ինչպես նաև կհակադարձեն իրենց վարկաբեկելու Նիկոլ Փաշինյանի փորձերին:
Մյուս կողմից, մոբիլիզացիոն կարգով զորակոչված են բազմաթիվ ընդդիմադիրներ, այդ թվում, օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնց իշխանությունները արդեն տևական ժամանակ չեն զորացրում առանց որևէ պատճառաբանության:
Ըստ այդմ, կարծիքներ կան, որ «մոբը» իշխանությունները դարձրել են յուրատեսակ քաղաքական գործիք՝ մարդկանց «պատանդ» պահելու և քաղաքական գործընթացներից այս պահին դուրս թողնելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան