Գեղամասար համայնքի գյուղերի 80 տոկոսն ընկնում է թշնամու նշանառության տակ. համայնքի ղեկավար
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի գյուղերի 80 տոկոսն ընկնում է թշնամու նշանառության տակ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«80 տոկոս գյուղերի արոտավայրերն ու գյուղատնտեսական նշանակության հողերը լինելու են թշնամու նշանառության տակ։ Չգիտեմ որքանով վտանգավոր կլինի արոտավայրերի ու գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը՝ կախված է թշնամու պահվածքից, քանի որ իրենց տեսադաշտում են լինելու։ Բոլոր գյուղերն էլ տեսանելի են, նետ ու աղեղի կռիվ չէ, որ ասենք 200 մետրից ապահով կլինի։ Եթե ցանկանան որևէ գործողություն անեն,կարող են անել»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Ըստ նրա՝ որքանով ապահով կլինի գյուղացիների համար, կախված է այն բանից, թե երկու պետությունների միջև որքանով կպահպանվի հրադադարի ռեժիմը։ «Բնականաբար, գյուղացիների մոտ անհանգստություն կա, թե ինչպես են մշակելու հողերը և օգտագործելու արոտավայրերը»,- ընդգծեց նա։
Մեր հարցին, թե արդյոք արտագաղթ կա թշնամու նշանառության տակ գտնվող գյուղական համայքներից, Հակոբ Ավետյանը պատասխանեց, որ առայժմ նման մտայնություն չկա։
Միաժամանակ համայնքի ղեկավարը հայտնեց, որ նոր սահմաններով համայնքը կորցրած տարածքներ չունի։
«Իմ համայնքի վարչական տարածքից ոչ մի մետր հող չի կորում, ուղղակի Քարվաճառի տարածքն է առանձնացվում»,- ընդգծեց Հակոբ Ավետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան