«Bloomberg». Թուրքիան ցանկանում է մերձենալ ԱՄՆ-ին ՌԴ-ի հետ Արցախում ունեցած տարաձայնությունների պատճառով
Թուրքիան նախատեսում է վերանայել ԱՄՆ-ի նկատմամբ իր քաղաքականությունը Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նման տեղեկություն է հայտնել Bloomberg- ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները:
Անկարան, Վաշինգտոնի հետ հարաբերություններ հաստատելով, ակնկալում է զենքի ստացման պայմանագիր կնքել: Բացի այդ, թուրքական իշխանությունները հույս ունեն, որ Միացյալ Նահանգները կօգնեն շրջանցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առկա տարաձայնությունները, հայտնում են «Bloomberg»-ի աղբյուրները:
Գործակալության տվյալներով՝ Թուրքիային ԱՄՆ-ի հետ մերձեցման է մղում ԱՄՆ ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը և Եվրամիության պատժամիջոցների սպառնալիքը: Այդ որոշման պատճառ են նաև Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած զինված բախումների շուրջ, Ռուսաստանի հետ ունեցած հակասությունները: Վերջին կոնֆլիկտում Անկարան աջակցում էր Ադրբեջանին:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան հույսը դնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «նոր էջի» վրա ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի երդմնակալությունից հետո: Նա հավելել է, որ շարունակելով կապել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը F-35 կործանիչ ծրագրին Անկարայի մասնակցության հետ և սահմանելով պատժամիջոցներ՝ ԱՄՆ-ը խաթարում է Թուրքիայի հետ հարաբերությունները պաշտպանության ոլորտում: