Դժոխքից հետո կրկին կենաց ծառը կծաղկի. Ժան-Բատիստ Լըմուա
«Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան և նշեց, որ օգնությունը կազմակերպվել է ոչ միայն Ֆրանսիայի պետական կառույցների, այլև հասարակական միությունների և հիմնադրամների միջոցով:
Լըմուան նշեց, որ աշխատանքները համակարգել է Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնը, որին մասնակցել են «Ազնավուր» հիմնադրամը, ի դեմս տնօրեն Քրիստինա Ազնավուրի և այլ կառույցներ:
Պետքարտուղարը հայտնեց, որ իրենց հետ Երևան է ժամանել նաև Յուրի Ջորկայեֆը, որը ստանձնել է բարի կամքի դեսպանի առաքելությունը:
Ժան-Բատիստ Լըմուայի խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է ցանկացել, որ շատ արագ գործողություններ իրականացվեն հումանիտար մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, քանի որ վերջին շաբաթների ընթացքում ապրած պատերազմական շոկի հետևանքով շատ կարիքներ են առաջացել՝ կան վիրավորներ և տեղահանվածներ:
Նա նկատեց, որ այս մոբիլիզացիան իրեն հիշեցնում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը և ինչպես ասվում էր հայտնի երգի ժամանակ՝ դժոխքից հետո կրկին կենաց ծառը կծաղկի:
Պետքարտուղարը հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահը բազմաթիվ շփումներ է ունեցել ՀՀ վարչապետի հետ, և հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում մի շարք հանձնառություններ ստանձնել միջազգային հարթակներում տևական գործողություններ իրականացնելու ուղղությամբ:
Ըստ Լըմուայի՝ հանձնառություններից մեկը պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումն է, որոնց մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում և այդ նպատակով համագործակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ:
Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը հայտնեց, որ ուսումնասիրել են նաև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որտեղ կան հաշվի չառնված կետեր։ Դրանք , ըստ նրա, խնդրի քաղաքական կողմն են և պետք է քննարկվեն Մինսկի խմբի համանախագահության ներքո: Վերջինս շեշտեց, որ այդ հարցերը քննարկել են ՀՀ ԱԳՆ-ում և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա