Զինծառայողի ծնողները մտադիր են վաղն ավտոշարասյունով Արցախ մեկնել՝ այնտեղ պատասխաններ լսելու
Արցախում ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց երկարատև ակցիայից հետո տեղափոխվեցին պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Այս պահին ընթանում է պաշտպանության նախարարի ու ծնողներից մի քանիսի հանդիպումը։
Լրագրողների հետ զրույցում ՊՆ դիմաց գտնվող Էջմիածնի բնակիչ Արմինե Ավագյանն ասաց, իրենց պայքարը միայն իրենց որդիների համար չէ, այլ պատերազմից մազապուրծ եղած բոլոր զինվորների համար։
«Քարտեզները տեսել ենք, տեղյակ ենք։ Հիմա հարցեր ունենք, որոնց պատասխանները չկան։ Օրինակ, հայկական զորքը գտնվելով այս հողերը վրա, արդյոք տասն օր հետո ագրեսոր չի՞ դիտարկվի, իսկ այդ դեպքում նրանք ի՞նչ կարգավիճակում են լինելու՝ ռազմագերո՞ւ։ Որևէ մեկը երաշխավոր չէ»,- ասաց զինծառայողի մայրը։
Նա հայտարարեց, ժամը 18։00-ից հետո անտառային ճանապարհների վրա ռուսական զորքը հսկողություն չի իրականացնում, ինչը խոսում է այն մասին, որ հայ զինվորը վտանգված է։
«Ռուս խաղաղապահի համազգեստով ցանկացած ադրբեջանցի, ով կարող է ռուսերեն խոսել, կարող է մոտենալ ու վնասել մեր որդիներին։ Ես անձամբ նոյեմբերի 17-ին մեկնել եմ Արցախ, գիշերել եմ, սպաների խորհրդով եղել եմ շատ ուշիմ։ Ես ասում եմ՝ մեր որդիները վտանգված են։ Մեր երեխաները զանգում են, հարցնում են, գալո՞ւ եք մեր հետևից։ Այո, մենք բոլորս գնալու ենք։ Կլքի ձեզ պետությունը, կլքի իշխանությունը, կառավարությունը, ձեր գնդապետը, ծնողը ձեզ չի լքի։ Հետևողական եմ լինելու, ինչքան երեխա կարողացա բերելու եմ Հայաստան»,- ասաց ծնողը։
Նա տեղեկացրեց, որ երկուշաբթի հանդիպում ունեն ՄԻՊ գրասենյակում, չեն նահանջելու։
«Կա տասը դուռ, ես թակելու եմ տասներկուսը։ Հետ չենք կանգնելու»,- ասաց Արմինե Ավագյանը՝ ավելացնելով, որ վաղը առավոտյան լինելու է կառավարության շենքի դիմաց, մեքենաներով պատրաստվում են մեկնել Արցախ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։
Ծնողները նշում են՝ երեխաները դաշտային պայմաններում են, անտեսված են նրանց առողջական խնդիրները։
Նրանք առաջարկում են գոնե 10-20 օր երեխաներին արձակուրդ տրամադրել, մինչև հստակեցվեն պայմանները։
Ծնողներն ասում են՝ որևէ անօրինական քայլի չեն դիմելու, պատերազմից հետո որևէ զինծառայող դասալիք չի դառնալու։
Հարակից հրապարակումներ`
- Ժամկետային զինծառայողների ծնողները Փաշինյանին 2 օր տվեցին, այլապես կդիմեն կտրուկ քայլերի
- Զինվորի հայր. Փաշինյանն ինձ ասում է՝ երկու տեղանի կռավա՞տ ես ուզում տանենք այնտեղ զինվորի համար
- Փաշինյանը ժամկետային զինծառայողների ծնողներից երկու օր ժամանակ է խնդրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան