Ժամկետային զինծառայողների ծնողները Փաշինյանին 2 օր տվեցին, այլապես կդիմեն կտրուկ քայլերի
Ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք կառավարության դիմաց ակցիա են անում, պահանջագիր ներկայացրեցին Նիկոլ Փաշինյանին։
Նրանք պահանջում են Հանրային հեռուստաընկերության եթերում հստակ պատասխանել ու ներկայացնել Արցախում ներկայումս գտնվող ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ժամկետային զինծառայողներին Հայաստանի տարածք վերադառնալու ուղիները, արդյո՞ք պատրաստվում են մինչև 10-օրյա ժամկետում ժամկետային զինծառայողներին փոխարինել պայմանագրային կամ այլ հիմունքներով զինծառայողներով, ի՞նչ ժամկետում են պատրաստում ապահովել Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների տարրական սանիտարահիգիենիկ նորմերը։
«Միաժամանակ խնդրում և պահանջում ենք՝ սույն հարցերի պատասխանները մեր իսկ պահանջած եղանակով հրապարակվի երկու ժակետում, հակառակ դեպքում ծնողներով պատրաստ ենք ձեռնարկել այլ կտրուկ քայլեր, որոնք չեն բխում Հայաստանի այս պահին ստեղծված իրավիճակից, սակայն ստիպված կլինեն կիրառել»,- նշված է ժամկետային զինծառայողների ծնողների հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ժամկետային զինծառայողների ծնողները կրկին հավաքվել են կառավարության դիմաց: Նրանք պահանջում են Արցախում ծառայող ժամկետային զինծառայողներին վերադարձնել Հայաստան՝ ծառայությունը շարունակելու, տրամադրել արձակուրդ, ապահովել ծառայության համար նորմալ պայմաններ։
Հարակից հրապարակումներ`
- Զինվորի հայր. Փաշինյանն ինձ ասում է՝ երկու տեղանի կռավա՞տ ես ուզում տանենք այնտեղ զինվորի համար
- Փաշինյանը ժամկետային զինծառայողների ծնողներից երկու օր ժամանակ է խնդրել
- «Նամուս, թասիբ ունեցեք և իջեք». ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ