Վտանգավոր զարգացումներ են ունենում Լաչինի միջանցքում, ՀՀ ողջ արևելյան սահմանի երկայնքով. Ռուստամյան
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում են գտնվում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։
Դաշնակցության ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՌԴ Պետդումայի խմբակցությունների, մասնավորապես, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հանձնաժողովի փոխնախագահ Զատուլինի հետ ու հայ համայնքում գործող մի շարք կազմակերպությունների, հետ այդ թվում՝ ուսանողական ու երիտասարդական հասարակական կառույցների։
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության Մոսկվայի թղթակցի հետ զրույցում Արմեն Ռուստամյանը ներկայացրել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հրավերով կայացած այցի նպատակներն ու ռուս քաղաքական գործիչների հետ ունեցած հանդիպումներում քննարկված հարցերի շրջանակը։
Նա մասնավորապես նշել է, որ ռուս գործընկերների հետ քննարկվել են Հայաստանում տիրող իրավիճակի, քաղաքական ճգնաժամի և դրա հնարավոր հետևանքների հետ կապված հարցեր։
Արմեն Ռուստամյանը կարևորել է Արցախի հետագա կարգավիճակի խնդիրը՝ նշելով, որ Արցախը դատապարտված է վերջնական հայաթափման, եթե նրա կարգավիճակը որոշվի Ադրբեջանի կազմում և Արցախը վերածվի անկլավի՝ կորցնելով Հայաստանի հետ կապող ճանապարհը։
Խոսելով հայաստանյան ընդդիմության գործողությունների մասին՝ Արմեն Ռուստամյանն ընդգծելէ, որ ռուս գործընկերների մոտ ոչ ճիշտ պատկերացումներ կան, թե ընդդիմության նպատակը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրի չեզոքացումն է։
«Մենք հասկանում ենք, որ այդ համաձայնագրի չեզոքացումն այս պահին նշանակում է պատերազմի վերսկսում, որ Հայաստանում տիրող այս իրավիճակում հղի է առավել տխուր հետևանքներով։ Մենք պետք է շարունակենք քննարկումներն այդ համաձայնագրի շրջանակներում և աշխատենք հստակություն մտցնել այն հարցերում, որոնք անտեսվել են ՀՀ գործող իշխանությունների կողմից և այսօր վտանգավոր զարգացումներ են ունենում ինչպես Լաչինի միջանցքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողջ արևելյան սահմանի երկայնքով»,- նշել է Արմեն Ռուստամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, այլապես քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը
- Իշխանությունը պահելու համար փորձ է անելու նաև Երևանում արյուն թափի․ Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Փաշինյանին ասել եմ՝ հաղթանակի դեպքում դափնիներն են քոնը, պարտության դեպքում՝ պատասխանատվությունը
- Ռուստամյան. Նախկինները հաղթանակն են ձեռք բերել, իսկ հետո մենք դառը պարտություն ստացանք
- ՌԴ զինված ուժերի զորամիավորման առաջապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում. Սերգեյ Ռուդսկոյ