Զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական վիճակը ծանր է, նրանց հետ հոգեբաններ չեն աշխատում. զինվորի մայր
«Վաղվանից արդեն որոշակի հոսքով զինծառայողներին կտրվի արձակուրդ։ Հերթական արձակուրդները երեխաներին պետք է տրվեր 10 օրով, բայց 7 օրով են տալիս»,- լրագրողներին ասաց ժամկետային զինծառայողի ծնող Լուսինե Հարոյանը, որն այլ ծնողների հետ կրկին կառավարության դիմաց են։
Նրանք մի քանի օր կառավարության, պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով Արցախում ծառայող զինծառայողներին տրամադրել արձակուրդ, ապահովել բուժօգնություն, բարելավել սանիտարահիգիենիկ պայմանները։
«Մեր զինվորները ոչնչից չեն դժգոհում, հավատացեք։ Բայց ծնողներ կան, որոնք գնացել են Արցախ ու տեսել այն պայմանները, որոնցում երեխաները շարունակում են ծառայությունը։
Դիրքերում են, քնում են անձրևի, ձյան տակ թաց բուշլատներով։ Սապոգները 60 օր է չեն հանել։ Տղաս մեկ օրով եկավ, երբ հանեց ու ես տեսա ոտքերի տակ, վերքեր էին, սարսափելի էր։ Հիմա մի քիչ լավ է։
Ամեն ինչ քանդվել է, չկա զորամաս, քնելու տեղ, տաք ջուր, տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ չկան։ Սառը ջրով են լողանում։ Լավագույն դեպքում տեղակայում են մանկապարտեզներում, ջեռուցում չկա»,- նշեց Լ.Հարոյանը։
Նրա խոսքով, զինծառայողները բոլորն ունեն առողջական խնդիրներ, եթե անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրվի, կորուստներն անդառնալի կլինի։
Զինվորի մայրն ասաց, որ պաշտպանության նախարարը տեղյակ է խնդիրներին, ասել է՝ հիմա արդեն լուծումները գնում են, շուտով կսարքեն նախ մոդուլներ, այնուհետև արդեն զորամասեր։
Մեկ այլ ծնող նշեց, որ իր 18 տարեկան տղան մեկ ամսվա ծառայող է եղել, առաջին օրվանից մասնակցել է պատերազմին, 44 օրյա պատերազմից հետո արդյո՞ք չի վաստակել հանգիստ կամ տեղափոխում ավելի ապահով վայր՝ Հայաստան, թեև հայկական սահմաններն էլ են վտանգված։
«Զինվորների շրջանում բարոյահոգեբանական վիճակը ծանր է, նրանց հետ հոգեբաններ չեն աշխատում, բուզննություն չեն անցել, բացարձակ անտեսված են»,- ասաց ծնողը։
Մեկ այլ ծնող՝ Հասմիկ Գրիգորյանն էլ խնդրեց, որ հունվարին զորացրվող զինվորներին ժամկետից շուտ զորացրել։ Մատաղիսում է ծառայել տղան, հիմա Մարտակերտի գյուղերից մեկում է։
«Բոլորը բետոնին են քնում, ունեն առողջական խնդիրներ։ Մեկ ամիս շուտ թող գան տուն, մայրական խնամքի ուղարկեք»,- ասաց զինվորի մայրը:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարը ծնողներին ասել է՝ բացառվում է զորքը դուրս հանել, բայց կլինի արձակուրդ
- Ժամկետային զինծառայողների ծնողները Փաշինյանին 2 օր տվեցին, այլապես կդիմեն կտրուկ քայլերի
- Փաշինյանը ժամկետային զինծառայողների ծնողներից երկու օր ժամանակ է խնդրել
- «Նամուս, թասիբ ունեցեք և իջեք». ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին