Միջազգային կառույցների պատասխանատվությունն իրանցի գիտնականի վախկոտ սպանության համար․ Pars Today
Նոյեմբերի 27-ին Թեհրան նահանգի Աբսարդ շրջանում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ահաբեկչական գործողության հետևանքով, սպանվեց իրանցի ականավոր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն: Այս մասին գրում է Pars Today-ը։
«ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարդն արձագանքելով նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանն ուրբաթ երեկոյան թվիթերում գրել է. «Նպատակաուղղված սպանությունը մի երկրում, որը ներգրավված չէ ռազմական հակամարտության մեջ և մարդուն ապրելու իրավունքից զրկելը, համարվում է մարդու իրավունքների միջազգային սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, որն արգելում է խաղաղ պայմաններում այլ երկրում ուժի կիրառումը»:
ՄԱԿ-ի պաշտոնյան նկատի է ունեցել Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունը, որն առնվազն 2018թ. սկսած, նպատակ ուներ սպանել Մոհսեն Ֆախրիզադեին:
Այս սպանության կապակցությամբ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարդի հստակ դիրքորոշումը վկայում է, որ Սիոնիստական ռեժիմը միջազգային իրավունքի հիմնական խախտողներից է և չի հարգում միջազգային օրենքներն ու սկզբունքները:
2018թ. ապրիլին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել էր Մոհսեն Ֆախրիզադեի անունը, հավելելով, որ վերջինս Իրանի միջուկային գիտնականներից է:
«Մոհսեն Ֆախրիզադե: Հիշեք այդ անունը»,- ասել էր Նեթանյահուն: Հաշվի առնելով, որ Սիոնիստական ռեժիմն Իրանի գիտահետազոտական ոլորտի նվաճումները ձախողելու նպատակով բազմիցս դիմել է ահաբեկչության, Նեթանյահուի այս հայտարարությունը վկայում է միջուկային գիտնականի դեմ ուղղված այդ ռեժիմի իրական մտադրությունների մասին: Նահատակ Ֆախրիզադեի՝ երկրին մատուցած վերջին ծառայություններից մեկը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի իրանական հավաքածուի արտադրությունն էր:
Հարցը նրանում է, թե ո՞րն է ՄԱԿ-ի և կազմակերպության Անվտանգության խորհրդի դերը՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահապաններ:
Չնայած Սիոնիստական ռեժիմը վերջին տարիներին փորձեր է արել սպանել իրանցի միջուկային գիտնականներին և նրանցից 5-ը սպանվել են, սակայն միջազգային կազմակերպությունների կողմից որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկվել նման հանցագործությունների կրկնությունը կանխելու ուղղությամբ:
Նույն պասիվ դիրքորոշումը Թրամփի վարչակազմին թույլ տվեց 2020 թ. հունվարին Բաղդադում իրականացված ահաբեկչական գործողության ժամանակ, սպանել ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Սուլեյմանիի սպանությունից հետո, ՄԱԿ-ը բավարարվեց բանավոր դիրքորոշում հայտնելով և որևէ արդյունավետ քայլ չձեռնարկեց:
Տպավորություն է ստեղծվում, որ Արևմուտքում և ՄԱԿ-ում, ահաբեկչության դեմ պայքարի հարցում դեռևս գործում են երկակի ստանդարտներ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին կոչ է արել դատապարտել նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը և նշել, որ սպանության մեջ Իսրայելի դերակատարության լուրջ նշաններ կան: Նա ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին հորդորել է զերծ մնալ Իրանի դեմ ուղղված արկածախնդիր քայլերից, ընդգծելով Թեհրանի իրավունքը՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ իր ժողովրդին պաշտպանելու և նրա անվտանգությունն ապահովելու համար:
Իրանը Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ին կոչ է անում վճռական արձագանքել Սիոնիստական ռեժիմի կողմից կատարված այս նոր ոճրագործությանը, որն իրականացվել է ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով: Իսկ թույլ դիրքորոշումը և անտարբերությունը միայն ավելի համարձակ կդարձնեն Սիոնիստական ռեժիմին և ԱՄՆ-ին իրենց գործողություններում»,-գրում է կայքը: