Ղարաբաղը վարձկաններով բնակեցնելը ժամանակային ռումբ կլինի Հարավային Կովկասի համար․ National Interest
«Թուրքիայի դեմոգրաֆիական խաղերը հասել են Կովկաս»,- այս մասին National Interest-ում գրել է Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի (AEI) ռեզիդենտ գիտնական Մայքլ Ռուբինը։ Նշվում է, որ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մեծ մասի համար Սիրիայում փախստականների ճգնաժամը մարդկային ողբերգություն էր: Թուրքիան հյուրընկալում է ամենաշատ սիրիացի փախստականներին։
«Այնտեղ, որտեղ մյուսները ողբերգություն են տեսնում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն է տեսնում: Նա ոչ միայն նյութականացրել է եվրոպական ափերին փախստականների սպառնալիքը, որպեսզի շանտաժի ենթարկի Եվրոպային՝ ավելի մեծ դիվանագիտական զիջումների համար, այլ նաև օգտագործել է հիմնականում սուննի փախստականներին՝ ժողովրդագրական պատերազմ մղելու թուրքական փոքրամասնությունների դեմ, որոնց ինքնությունը Էրդողանը փորձում է նոսրացնել:
Ըստ թուրք խորհրդարանականների և մարզային պաշտոնյաների, Էրդողանի բարձրագույն իշխանությունները սուննի արաբներին հնարավորություն են տալիս խուսափել փախստականների ճամբարներից և ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիության արտոնություններ, եթե նրանք բնակություն են հաստատում գերակշռող ալևիական շրջաններում Հաթայում կամ քրդական քաղաքներում, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող գյուղերում:
Երկու դեպքում էլ Էրդողանի նպատակները պարզ են. Օգտագործել սուննի իսլամիստներին փոքրամասնություն բնակչությանը նոսրացնելու համար կամ շրջաններում հաշվեկշիռը սեփական կուսակցությանը փոխանցելու համար»,- գրում է կայքը:
Սիրիայում քրդերի գերակշռող տարածքներում Էրդողանը կիրառել է նույն ռազմավարության փոփոխությունը: Մինչ նա Թուրքիայի ռազմական ներխուժումները ներկայացնոմ էր նախ հակաահաբեկչության դեմ պայքարով, իսկ այնուհետ նաև բուֆերային գոտի ստեղծելու հռետորաբանությամբ` սիրիացի փախստականների հայրենադարձությունը հնարավոր դարձնելու համար, նրա քաղաքականության իրականությունը եղել է Սիրիայի սահմանի էթնիկ զտումը՝ ստիպելու քրդերին, քրիստոնյաներին և եզդիներին հարկադրաբար դուրս գալ և նրանց փոխարինել սուննի արաբ իսլամիստական համայնքներով: Յուրաքանչյուր դեպքում, այն փաստը, որ դիվանագետները այլ գործերով էին զբաղվում, հնարավորություն տվեց և հաստատեց Էրդողանի ռազմավարությունը:
«Հավանաբար, այդ հաջողությունն է, որ այժմ ստիպում է Էրդողանին և նրա դաշնակից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերարտադրել ռազմավարությունը Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է կայքում։
Նշվում է, որ հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում փաստաթղթերը, ինչպես նաև բանտարկյալների հարցաքննությունները ցույց են տալիս, որ սեպտեմբերի 27-ին մարտերի բռնկումից ամիսներ առաջ Թուրքիան ավելի քան 7,700 սիրիացի իսլամիստների է տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանից լրագրողներ ևս հաստատել են սիրիացի վարձկանների ներկայությունն այնտեղ և հրադադարից հետո սիրիացի վարձկանները, գոնե նրանք մնացել են Ադրբեջանում:
Չնայած Ալիևի բոլոր հռետորաբանություններին, որ Ղարաբաղն Ադրբեջանի սիրտն է, քիչ ադրբեջանցիներ են ցանկանում այնտեղ ապրել։ Ղարաբաղում ռազմաճակատից վերադարձողները նշում են, որ սիրիացի վարձկանների ընտանիքների անդամներին ուղարկում են Ադրբեջան՝ ձգտելով նրանց հետագայում բնակեցնել ԼՂ-ի հարավային շրջաններում, որոնք անցել են Ադրբեջանին։
«Մինչ Էրդողանը և Ալիևը կարող են տոնել տարածաշրջանը քրիստոնյաներից ազատումը, նրանց վարձկաններով փոխարինելը ժամանակային ռումբ կլինի Հարավային Կովկասի համար: Նրանք ոչ միայն լարվածություն կստեղծեն մեծամասնությամբ շիա ադրբեջանական շրջանակներում, այլ եթե փորձեն կապ հաստատել հյուսիսային Կովկասի ջիհադականների հետ, նրանք և՛ կարող են ապակայունացնել տարածաշրջանը, և՛ ավելի մեծ ռուսական միջամտություն հարուցել տարածաշրջանում:
Թուրքիան հիանալի էր պլանավորել պատերազմի ժամանակը: Էրդողանը հասկանում էր, որ Վաշինգտոնը զբաղված է ընտրություններով ու COVID-19 ճգնաժամով: Այնուամենայնիվ, պասիվ լինելու համար այլևս ոչ մի հիմք չկա: Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է պահանջեն, որ Ադրբեջանը ձերբակալի բոլոր վարձկաններին: Ճիշտ այնպես, ինչպես «Իսլամական պետության» շատ վետերաններ և նրանց ընտանիքի անդամները մնում են անազատության մեջ Ալ-Հոլում, Սիրիայի հյուսիս-արևելքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի պատերազմի սիրիացի վարձկանները պետք է կալանավորվեն որպես անօրինական զինյալներ:
Ոչինչ չանելը ոչ միայն յուղ կլցնի տարածաշրջանային անկայունության կրակի վրա, այլ նաև կերաշխավորի հետագա կրոնական բռնություններն ու ժողովրդագրական խաղերը, քանի որ Էրդողանն ու այժմ Ալիևը եզրակացնում են, որ իրենք կարող են, բառացիորեն, կարող են խուսափել իրենց կատարածի համար պատասխանատվությունից»,-ասվում է հոդվածում։