Վանեցյան. Բավական է միայն հետևել Ալիևի՝ Փաշինյանի հասցեին արած հայտարարություններին, որ պատկերացնենք, թե ինչպիսի մեկնարկային կետում կարող է նա լինել
«Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո՝ մենք տեսնում ենք բանակցային այն ռեսուրսը, որը փորձելու է հայտարարության հիման վրա կազմվելիք վերջնական տարբերակում հայանպաստ շտկումներ իրականացնել»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծել է՝ ցանկացած գիտակից մարդու համար պարզ է, որ բանակցային այդ ռեսուրսի իրացնողն այլևս Նիկոլ Փաշինյանը չէ, թեկուզև զուտ այն պարզ պատճառով, որ նա, ըստ էության, տապալել է բանակցային ձևաչափով խնդիրը լուծելու հնարավորությունը, ինչն հանգեցրեց պատերազմի ու փաստացի հիմա նա այդ պատերազմը պարտված այսպես կոչված գերագույն հրամանատարն է։
«Բավական է միայն հետևել Ադրբեջանի նախագահի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին արվող հայտարարություններին, որպեսզի պատկերացնում կազմենք, թե այսօրվա վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը ապագա բանակցություններում ինչպիսի մեկնարկային կետում կարող է լինել։ Ցավում եմ, բայց այստեղ որևէ տարիմաստություն չկա, ամեն բան պարզ է»,-ասել է Վանեցյանը։
Իսկ ինչ վերաբերվում է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համատեքստում հայ-ռուսական հարաբերություններին, ապա ընդդիմաիր գործիչն ասել է՝ աներկբա է այն մեծ ներդրումը, որ միջնորդական առաքելության շրջանակներում ունեցել է ՌԴ նախագահը պատերազմի դադարեցման գործում, ինչպես նաև պատերազմի ամբողջ ընթացքում:
«Այլ հարց է, որ պատերազմի ելքը փոխելու և հայանպաստ դիրքերում այն ավարտելու պարտականությունն ու պատասխանատվությունը մերն է եղել, նկատի ունեմ հայկական կողմինը, ինչը փաստացի տապալվել է Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Չեմ ուզում շատ խորանալ այս հարցում, դեռ դրան ամենայն մանրամասնությամբ անդրադառնալու հնարավորություն ունենալու ենք»,-ընդգծել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան