Հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է զբաղվել ռազմագերիների հարցով, «նոնսենս» է. Զոհրաբյան
«Գերիների հարցով ես պաշտոնական նամակով դիմել եմ ԵԽԽՎ նախագահին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովին և մի շարք այլ միջազգային կառույցների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, այս պատերազմի ամբողջ ընթացքում ինքը կապի մեջ է եղել եվրոպացի իր գործընկերների հետ, գրեթե ամենօրյա կապի մեջ է ՌԴ Պետդումայի գործընկերների հետ, և ամբողջ թարմացվող տեղեկատվությունը՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների խոշտանգումների, գլխատումների և նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, տրամադրում է ռուս գործընկերներին։
«Տեղեկություններ տարածվեցին, որ առաջիկա ռազմական շքերթի ժամանակ Ադրբեջան-տականքը պատրաստվում է ցուցադրել նաև հայ գերիներին, բնականաբար, դա ռազմական հանցագործություն է, և ուզում եմ հիշեցնել, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Կարմիր հրապարակում հանվեցին գերմանացի ռազմագերիները, դրանից հետո Ժնևյան կոնվենցիայով դա համարվեց ռազմական հանցագործություն։ Եվ միջազգային կառույցները վստահեցրել են, որ կանեն առավելագույնը, որպեսզի ռազմական շքերթի ընթացքում չցուցադրվեն մեր գերիները։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին մարդկության դեմ ուղղված այնքան ռազմական հանցագործություններ է իրականացրել, որ հույս ունեմ, այս մեկը չի կատարի»,- նշեց պատգամավորը։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ամենակարևոր խնդիրն այժմ մեր ռազմագերիների վերադարձն է.
«Հույս ունենալ, որ այս իշխանությունը, այսինքն՝ մեկ անձը, որ ամեն օր իր ֆեյսբուքյան էջում մեմուարներ է գրում, կարող է զբաղվել ռազմագերիների հարցով, «նոնսենս» է»։ Երեկ ինքը հերթական շանտաժն արեց գերիների ծնողներին՝ ասելով, որ պետք է նրանք ամեն ինչ անեն, որպեսզի ինքը մնա և գերիներին վերադարձնի։ Հարգելի՛ ծնողներ, ինչքան շատ այդ մարդը մնա վարչապետի աթոռին, այդքան ձեր որդիների վերադարձը լինելու է մշուշոտ։ Լինենք անկեղծ, ձեր որդիներին, ռազմագերիներին վերադարձնելու համար պետք է խոսել Ալիևի հետ։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանը հիմա ի վիճակի է խոսել Ալիևի հետ, կամ Ալիևը նրա որևէ ասած կարող է լուրջ ընդունել։ Ռազմագերիներին վերադարձնելու համար մենք պետք է ունենանք նոր բանակցող»։
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ ամեն նոր օրը վտանգում է ռազմագերիների կյանքը, քանի որ մենք գործ ունենք պետության հետ, որի համար մարդկային՝ առավել ևս գերու կյանքը, արժեք չունի։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքը գերիների հարցը լուծել չի կարողանում
- Մենք չգիտենք՝ Ադրբեջանն ինչ է ասում՝ գերիներին տալի՞ս է, չի՞ տալիս..., քանի՞ գերի կա. Մարուքյան
- Տիգրան Աբրահամյան. Ինչո՞ւ ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի հետ կապված ժամանակացույց սահմանված չէ
- Պետական լիազոր մարմինները պարտավոր են լծակները կիրառել՝ գերիների հարազատների հետ հաղորդակցման համար. ԱՀ ՄԻՊ
- «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը հայ գերիների վերադարձի հարցով դիմել է միջազգային կառույցների, պետությունների ղեկավարներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին