Ալումյան. Փաշինյանի գրառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դատախազությունը նրա խամաճիկն է
«Մենք դեռևս 2018 թվականից հայտարարում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվողը ոչ թե քրեական գործ է, այլ դրա քողի տակ քաղաքական հետապնդում»,-մինչ դատական նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառանալով Նիկոլ Փաշինյանի խոստովանությանը, որ իր միջամտությամբ են Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձրել։
Փաստաբանն ընդգծեց, քննության ընթացքում իրենք կարողացել են բազմաթիվ ապացույցներ վկայակոչել՝ սկսած գաղտնալսումից, որը հայտնվեց համացանցում, դատարաններն արգելափակելուց, անուղղակի ու ուղղակի այլ ապացույցներ՝ հիմնավորելով, որ սա քաղաքական հետապնդում է։
«Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը ոչ մի նորություն մեզ համար չէր պարունակում։ Բայց դա ևս մեկ ապացույց է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առկա է քաղաքական հետապնդում, ապացույցն է, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանի խամաճիկն է, և այս գործով գերազանց կերպով կատարում է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները»,-նշեց նա։
Ալումյանն ասաց՝ բացարկման ենթակա են գործով դատախազները, սակայն հարցը դեռ չեն քննարկել։
«Բայց երբ խոսքը գնում է այն մասին, որ այդ ամենը կատավում է Հանրապետության գլխավոր դատախազի միջամտությամբ, և այս ամենի հեղինակը գլխավոր դատախազն է, այդ դեպքում գործով դատախազներին բացարկ հայտնելը դառնում է անիմաստ»,-նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան վերջին գրառման մեջ մասնավորապես նշել էր.
«Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) վերսկսվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին