«Մեր երեխեքը քիմիկներ են, ոչ թե հատուկ ջոկատայիններ, ու առանց բրոնե ժիլետի տարել են հատուկ գործողություն կատարելու»
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Նրանք հավաքվել են հենց այդ զորամասի դիմաց, քանի որ հենց այդտեղից են տարել, եղել են պայմանագրայիններ, նաև կամավորներ: Ծնողների մի մասն էլ Կապանի զորամասի մոտ են ակցիա անում:
Հարազատները նշում են, որ արդեն 44 օր է անցել, բայց մատը մատին չեն տալիս տղաներին գտնելու համար: Եղել են Զանգելանում, ընկել են շրջափակման մեջ:
«Երեխաներին այստեղից տարել են որպես հատուկ ջոկատայիններ: Բայց այս զորամասը իրավասու չէ հատուկ ջոկատայինների ուղարկել: Իրենք եղել են քիմիկներ, հատուկ ջոկատային չեն: Նույնիսկ չեն ունեցել բրոնե ժիլետ ու կասկա, որովհետև իրենց հաստիքով չի տրամադրվում բրոնե ժիլետ: Երեխեքին տարել են առանց բրոնե ժիլետի հատուկ գործողություն կատարելու: Այդ երեխեքը զոմբի են, ի՞նչ են, որ իրենց վրա կրակեն, պուլն անցնի ու իրենց ոչ մի բան չլինի՞»,- ասաց ծնողներից մեկը:
Հարազատների ներկայացմամբ, 50 հոգուց 34-ը չկա, 16-ը դուրս է եկել: Դուրս եկածները, ծնողների խոսքով, բան չեն պատմում, ասում են՝ իրավասու չեն:
Ծնողներից մեկն ասաց, որ դուրս եկածները որոշել են, որ իրենց օգնել է միայն Արսեն Աբգարյանը:
«Հիմա զանգում եմ այդ տղաներին, իրենք ոչ մի բան չեն հիշում, բայց չեն էլ մոռանում, որ իրենց օգնել է Արսեն Աբգարյանը: Իսկ իմ տեղեկություններով առաջին մարդը հենց ինքն է դուրս եկել»,- նշեց զինծառայողներից մեկի մայրը:
Նրանք եղել են պաշտպանության նախարարությունում, Կարմիր խաչում, հանդիպել են վարչապետի հետ, սակայն ապարդյուն:
«Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ 5 շրջանները մեզ անհասանելի է, քանի որ Ադրբեջանի տարածքն է, ոչ մի ձև չի կարողանում բանակցություններ վարել, մնում է մեզ օգնի երրորդ պետությունը: Կարմիր խաչը, պաշտպանության նախարարությունն ասում են՝ մենք պատրաստ ենք, մնում է Ադրբեջանը թույլ տա: Պետք է սպասենք: Ինչքա՞ն:
Մենք միշտ գաղտնի ենք պահում, թե որտեղ են մեր երխաները: Մեր երեխաները եղել են Կապանում, հայկական հողում, ու չգիտենք ինչպես, չնայած գիտենք ուղարկողներին, հայտնվել են Զանգելանում: Զանգելանի շրջանում որոնողական աշխատանքներն ամենավերջում է լինելու: Այն էլ կմտնե՞ն, թե՞ ոչ»,-պատմեց անհետ կորած զինծառայողի մայրը:
Հարցին՝ ինչո՞ւ են լռում, նա պատասխանեց. «Չգիտեմ, երևի ինչ որ առեղծվածային տարածք է, որ լռում են»:
Դավիթ Կատանյանը կամավորական է եղել, ինքը նույնպես ընկել է շրջափակման մեջ, կարողացել է դուրս գալ, բայց եղբարը՝ ոչ:
«Մեզ տարել են ա կետից բ կետ, բայց չի նշվել բ կետը որն է, գնացել ու ընկել ենք շրջափակման մեջ:
Մի կերպ հաջողվել է դուրս գալ: Մեր 12 հոգին հրամանատար չի ունեցել: Օգնություն ենք ուզել, չի եկել: Դուրս ենք եկել 5 հոգով, հետո 3 հոգի քիմիկներ են դուրս եկել: Հաջորդ օրը նոր քիմիկների կամանդիրն է դուրս եկել:
Կոնկրետ այս գործողությանը ուղարկել է գեներալ Մակարյան Անդրանիկը»,- ասաց Դավիթը:
Նա նշեց, որ պետք է 12 հոգին առաջ գնային, 50 հոգի քիմիկները հետևը մնային, բայց գնացել ու հայտնվել են շրջափակման մեջ:
Զորամասի շտաբի պետ, կապիտան Կամո Մալխասյանն ասաց, որ բոլոր տեղեկություները, տվյալները ներկայացված է հանձնաժողովի նախագահին, այս պահին էլ տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը թույլտվություն կլինի Զանգելանի հատվածում աշխատանքներ իրակաացնել:
Ծնողները նշեցին՝ սուտ է, չեն հավատում, 44 օր նույն պատասխանն են տալիս:
«Ես մեր վարչության անդամների հետ եմ զրույցել, ասել են նման որոշում կա՝ այսօր կամ վաղը թույլտվություն կլինի աշխատել այդ վայրում: Աշխատելու է Կարմիր խաչը՝ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ միասին: Մինչև օրս նման թույտվություն չի եղել, որ աշխատեն Զանգելանի հատվածում: Այսօր կա այդ տեղեկությունը»,- ասաց Կ. Մալխասյանը:
Ծնողներն ընդգծում են՝ եթե պետք է, իրենք էլ կարող են գնան ու մասնակցեն որոնողական աշխատանքներին:
Հարազատներից մեկն ասաց, որ երեկ իրենց ամենաբարձր մակարդակով ասել են՝ տվյալ չունեն, թե երբ են մտնելու այդ տարածք:
«Մենք մեր երեխեքին ենք ուզում պետությունից: Խնդրում ենք, պահանջում ենք մեր երեխեքին: Ո՞ւր է մեր պետությունը»,-լացելով ասում է զինծառայողներից մեկի մայրը:
Ծնողներից մեկն ասաց. «Գնանք ավելի լավ է Ալիևին խնդրենք, ընդառաջի մեր երեխեքին»:
«Նայեք ինչ օրն ենք հասել, ժողովուրդ, ում ենք ուզում դիմել»,- նշեց մեկ այլ ծնող:
Մայրերը նաև խնդրանքով դիմում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգնել իրենց երեխաներին:
«Եղբոր որդուցս 45 օր է տեղեկություն չունենք, երեկ կապի է դուրս ելել, ուղղակի մեր կապն է անջատված եղել: Ասում ենք՝ կապի է դուրս եկել, ասում են՝ չենք կարող պարզել: Այս ինչ Հայաստանում ենք մենք ապրում», -պատմեց մեկ այլ ծնող:
Անհետ կորած զինծառայողի կինն ասաց. «Ամուսնուս հեռախոսը միացել է, ասում ենք՝ այդ օրը միացել է: Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ բավականաչափ ռեսուրսներ չունենք, եթե ունենայիք, պատերազմը կշարունակեինք»:
Նրանք նշում են, որ տեսանյութ ունեն, այդ խմբից 6-7 հոգու արդեն գերեվարել են: Ծնողներն են տեսել տեսանյութերում ու ճանաչել իրենց որդիներին:
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորածի ծնող. Մեր հարցը ո՞նց է լինելու, կառավարությունը ոչինչ չի անում
- «Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
- Գերիների և անհետ կորածների հարցերով ուղիղ պատասխանատվությունը հենց Հայաստանի կառավարությանն է. Թաթոյան
- Անհետ կորածների հարազատները փակեցին վարչապետի ճանապարհը
- Մինչ տարածքներն ափալ-թափալ հանձնելը, ՀՀ իշխանությունը պետք է լուծեր ռազմագերիների, անհետ կորածների հարցը. Արթուր Ղազինյան
- Վատթարագույնին էլ պատրաստ ենք, մենակ մեր երեխեքին գտնենք. անհետ կորած զինծառայողի հայր
- Երեխեքին խմացրել են, դուխովացրել, բերել կռվի դաշտ. անհետ կորած զինծառայողի հարազատ
- Անհետ կորած զինծառայողի մայր. Կառավարությունում ասացին, աշխատում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին