Ալումյան. Դատավորները պետք է ունենան մասնագիտական արժանապատվություն ու սուլոցով չդառնան կամակատար
«Վարչապետը ոչ թե հանդիպել է դատարանների նախագահների հետ, այլ կանչել է, նրանք եկել են։ Սրանք տարբեր բաներ են։ Կարելի է ասել, այդ դատավորները, որոնց դուք տեսաք, վարչապետի սուլոցով հայտնվեցին նրա ոտքի կողը»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ արձագանքելով երեկվա հանդիպման մասին հարցին։
Տեղի ունեցածը փաստաբանը ցավալի բան է որակում, նշում, եթե Հայաստանը հավակնում է քաղաքակիրթ աշխարհի մաս կազմել, ապա իշխանության գործադիր ճյուղը չպետք է կարողանա սուլոցով կանչել իր նստավայր։
«Իսկ դատավորներն էլ իրենց հերթին պետք է ունենան բավարար չափով մասնագիտական արժանապատվություն, որպեսզի եթե մի որևիցե վարչապետ՝ ներկա կամ ապագա, հանդգնի իրենց կանչել, ասեն՝ չենք գալիս։ Սա ևս մեկ ինդիկատոր է, որ մեր դատական համակարգում լուրջ, հանգույցային դիրքեր զբաղեցնող անձինք վարչապետի կամակատարն են, պատրաստ են ցանկացած պարագայում կամակատար դառնալ»,-ասաց փաստաբանը։
Ալումյանն ընդգծեց, բոլորը շատ լավ տեսան, թե ինչու են դատարանների նախագահները կանչվել։
«Մի շարք քրեական գործերով դատարանները մերժել են կալանավորման վերաբերյալ միջնորդություններ, այդ գործերը, ինչպես հասկացվեց, վարչապետի ուշադրության ներքո են, և քաղաքականապես զգայուն գործեր են։ Այստեղ դատարանները բազմաթիվ դեպքերում չեն կալանավորել մեղադրյալներին։ Հիշենք, որ վարչական դատարանը անօրինական էր համարել հավաքների մասին արգելքը։ Ի՞նչն է հետաքրքիր, վարչապետը կանչել էր այն մարդկանց, որոնք այս հարցերի համար «պատասխանատու» են։ Ակնհայտորեն նպատակ ունի ճնշում գործադրել դատավորների նկատմամբ դատարանների նախագահների միջոցով»,-ասաց Ալումյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը քննարկման առարկա է դարձնում դատարանների՝ ուժի մեջ մտած որոշումները, ինչը նոնսենս է։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և պաշտոնատար այլ անձինք: