Ո՞վ կարող է դառնալ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու
«Ճիշտ կլինի, որ մասնավոր հատվածի լավագույն մասնագետներին ևս հնարավորություն տանք և դիտարկենք որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց իմքայլական պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը՝ ներկայացնելով «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նա նշեց, որ ըստ գործող օրենքի, Հաշվեքննիչ պալատի անդամ կարող են հանդիսանալ այն անձինք, որոնք ունեն առևտրային գործունեության հինգ տարվա փորձ, ընդ որում՝ մեկ տարի պետք է լինեն առևտրային կազմակերպության ղեկավար, երեք տարի մասնակցել են Հաշվեքննիչ պալատի գործունեությանը, ինչպես նաև ունեն աուդիտի փորձ։ Ըստ պատգամավորի, գործող օրենքը բաց ունի, քանի որ գիտելիք, աուդիտի փորձ ունեցող, բայց մասնավոր հատվածում աշխատած մարդիկ չեն կարող դառնալ Հաշվեքննիչ պալատի անդամ։
«Մենք առաջարկում ենք, որ եթե անձն ունի ֆինանսական համակարգում աշխատելու 10 տարվա փորձ, որից հինգ տարին՝ ղեկավարի պաշտոնում, ինչպես նաև աուդիտի որակավորում, ապա նա կարող է ներկայացվել որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու»,- ներկայացրեց Եղիշե Սողոմոնյանը։
Բացի այդ, առաջարկվում է կարգավորել հաշվեքննության ժամկետները՝ այն սահմանելով 24 օր, և հնարավորություն տալով այդ ժամկետը ևս 24 օրով երկարաձգել։
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ առաջարկվող փոփոխությունները լավ հիմնավորված չեն, քանի որ հասկանալի չէ՝ ինչո՞ւ է առաջարկվում որպես պահանջ սահմանել ֆինանսական ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժը, որից առնվազն 5 տարին՝ ղեկավարի պաշտոնում։
«Ենթադրենք 10 տարի տնտեսագետ է մարդն աշխատել, կամ 5 հոգանոց ՍՊԸ-ում տնտեսագիտական բաժնի պետ է եղել, հիմա պետք է համարենք, որ այդ մարդն իրավունք ունի Հաշվեքննիչ պալատի անդամ դառնալո՞ւ։ Դա պլանկայի իջեցում է։ Նախնական տեսքով օրենքը ճիշտ է, և այս փոփոխությունը հիմնավորված չէ։ Չի կարելի ամեն մարդու թույլ տալ մտնել Հաշվեքննիչ պալատ»,- ասաց նա։
Ի պատասխան Եղիշե Սողոմոնյանն ասաց, որ նախագծում նշված է՝ ֆինանսական հատվածում փորձ է անհրաժեշտ, ինչպես նաև պետք է թեկնածուն բավարարի ԱԺ պատգամավորներին ներկայացվող պահանջներին.
«Այդ պահանջներին բավարարելուց բացի նշվում է նաև, որ պետք է երեք ոլորտների մասով ունենա փորձ։ Ուստի պետք է պատգամավորի պահանջներին բավարարող անձ լինի, աուդիտի որակավորում ունենա, նաև ունենա ֆինանսական համակարգում աշխատելու 10 տարվա փորձ, որից 5-ը՝ ղեկավար պաշտոնում։ Այս դեպքում նշված անձը, կարծում ենք, կարող է դառնալ Հաշվեքննիչ պալատի անդամ»։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին