Քաղաքապետարանը քաղաքացիների կյանքը դժոխքի է վերածել
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից շատերի կյանքն առավոտյան ժամերին դժոխքի է վերածվում։
Ամիսներ շարունակ Բաբաջանյան փողոցում քանդել ու փորել են մարգագետիների հատվածը, ինչի հետևանքով բանուկ փողոցում բավականին երկար ու խոր թունել է առաջացել։ Նկատենք, որ այն թաղամասը Իսկակովի պողոտային կապող երկու փողոցներից մեկն է, հետևաբար ծանրաբեռնված երթևեկություն է ունենում։
Փողոցի երկու կողմերում նաև դպրոցներ ու մանկապարտեզներ կան։ Ժամանակին դպրոց հասնելու համար ծնողները ստիպված են երեխաների հետ տանից դուրս գալ դասերը սկսկելուց 1-1.5 ժամ շուտ։ Սակայն դա էլ չի օգնում։
Բնակիչներն այսօր խմբագրություն են ուղարկել քանդած փողոցի ու խցանման լուսանկարներ՝ դժգոհելով, որ օրեր շարունակ այստեղ որևէ աշխատանք չի իրականացվում։
Մարդիկ մտահոգություն են հայտնում՝ դիմացը ձմեռ է, տեղումներ, եթե հիմա աշխատանքներ չեն կատարվում, նշանակում է ՝ ողջ ձմեռ ստիպված են լինելու երթևեկել նեղ հատվածով, ինչը բազմաթիվ վթարների ու տուժածների պատճառ է դառնալու։
Ինչո՞ւ են փորել, ե՞րբ կավարտվեն աշխատանքները, պարզ չի։ Panorama.am-ը քաղաքացիների դժգոհություններն ու հարցերը փոխանցեց քաղաքապետարանին։
Ի պատասխան՝ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց. «Ճանապարհային հանգույց է կառուցվում։ Երևանի օղակաձև ճանապարհի մի մասն է։ Կարծեմ՝ ծրագիրը մինչև 21-ի հուլիս է տրված, բայց այդ հատվածը կոնկրետ ավելի շուտ կավարտեն»։