Արա Սաղաթելյանին զրպարտելու համար Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացվի 3 մլն դրամի պահանջով
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հայցադիմում կներկայացնի դատարան՝ ընդդեմ քաղաքացի Տարոն Չախոյանի։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սաղաթելյանի փաստաբան Նարեկ Ալոյանը տեղեկացրել է՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Տարոն Չախոյանի կողմից վարվող ֆեյսբուքյան էջում և ԶԼՄ-ներում հրապարակվել են Արա Սաղաթելյանին զրպարտող և վիրավորող տեղեկություններ, ինչի առնչությամբ էլ կներկայացվի դատական հայց՝ հրապարակայնորեն զրպարտությունը հերքելու և վիրավորանքի համար ներողություն խնդրելու պահանջներով։
Փաստաբանի խոսքով, կներկայացվի նաև գումարային պահանջ օրենքով նախատեսված առավելագույն չափով, այսինքն՝ զրպարտության համար 2 մլն դրամի չափով, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամի չափով։
«Գումարները ուղղվելու են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Գումարային ակնկալիք անձամբ պարոն Սաղաթելյանը չունի»,- ընդգծել է փաստաբանը։
Ալոյանը նաև հայտնել է, որ մեկ այլ հաղորդմամբ պահանջ կդրվի քրեական պատասխանատվության ենթարկել սուտ մատնության համար։
Աղբյուրը հիշեցնում է, որ պատերազմի օրերին օրակարգում կրկին հայտնվել էր «ներքին թշնամիների, դավաճանների» կեղծ թեզը՝ ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ թիրախավորելով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Մասմավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանը, որը հայտնի է որպես իշխանության ֆեյքերի ֆաբրիկայի «ղեկավար» ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, իբր թե «Արա Սաղաթելյան» անունով էլեկտրոնային հասցեից այլ էլեկտրոնային հասցեների նամակներ են ուղարկվել՝ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ որոշակի գրառումներով։ Սակայն ավելի հետաքրքիր էր հենց Չախոյանի մեկնաբանությունը։
«Սաղաթելյանին վարկաբեկող ֆեյքերի ֆաբրիկայի «ղեկավար» Չախոյանի տարածած տեսանյութի կեղծ լինելու մասին անմիջապես հայտարարեցին նաև անկախ փորձագետները։ Մասնավորապես՝ Ալեքսեյ Չալաբյանը դեռևս նոյեմբերի 9-ին հայտարարեց, որ հասարակ վերլուծությամբ արդեն պարզ է Սաղաթելյանին վերագրվող նամակների կեղծ լինելը։
«Ինչ-որ մութ, կամ ավելի ճիշտ մԱԶութ ուժեր սարքել են ներքաղաքական վիդեո, որին սկզբից ես էլ քիչ էր մնում ինքս հավատայի։ Եվ որին հավատացել են տեխնիկապես և մեդիագրագետ ֆրենդերս», - արձանագրել էր Չալաբյանն ու ավելացրել. «Եթե նայենք այս հոլովակի նշված վայրկյաններին ու ուշադրություն դարձնենք նամակների ամսաթվերին, կտեսնեք սենց ամսաթվեր՝ 0:22 "5 Nov 2020, 21:03" 0:53 "We, 28 Oct, 07:23" 1:00 "2 Nov 2020, 00:49"։ Այլ կերպ ասած՝ ամսաթվերի ֆորմատը տարբերվում է, նամակից նամակ։ Gmail-ը միշտ շաբաթվա օր է դնում այստեղ, մինչ ամսաթվի մնացած մասը»։
Արձագանքելով Չախոյանի գրառմանն ու տարածած տեղեկություններին՝ այդ օրերին Արցախում գտնվող Արա Սաղաթելյանը հայտարարել էր. «Ինձ համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները։ Ես դիմել եմ համապատասխան պետական պաշտոնյաներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և հայտնել եմ, որ ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու»։
Արա Սաղաթելյանը պետական դավաճանություն էր որակել պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ:
Հարակից հրապարակումներ`
- Սրանք իմ անձի դեմ ուղղված գործողություններ են,ես չեմ ասում, որ սա քաղաքական հետապնդում է․Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Իրավապահ մարմինների գործողություններն ուղղորդված են իմ անձի դեմ
- Արա Սաղաթելյանի ձերբակալության իրավաչափության հարցով նիստը կկայանա այսօր ժամը 16։00-ին
- Փաստաբան. Արա Սաղաթելյանի ձերբակալմամբ նրան մեկուսացնելու խնդիր են փորձում լուծել
- Արա Սաղաթելյան. Կնքված պայմանագիրը բարդ հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար, ապրելու է թշվառ ու աղքատ
- Արա Սաղաթելյան. Փաստաբաններն արդեն դատական հայց են պատրաստում