Քննարկվում է ԵԱՏՄ անդամ երկրներում թանկարժեք մետաղների ու քարերի շրջանառության կարգը
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ներկայացրեց «ԵԱՏՄ շրջանակում թանկարժեք մետաղների ու քարերի հետ կապված գործառությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Համաձայնագրով, ըստ նրա, նախատեսվում է սահմանել թանկարժեք քարերի ու մետաղների շրջանառության կարգը ԵԱՏՄ տարածքում։
Նրա խոսքով, այս համաձայնագիրն ուղղված է ԵԱՏՄ անդամ հինգ պետությունների տարածքներում սահմանել այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ազատ տեղաշարժ, թեթևացնել ձեռնարկատերերի կամ տնտեսական գործունեություն իրականացնողների բեռը, ինչպես նաև ապահովել վերահսկողություն։
«Բացի այդ, հարգադրոշման հետ կապված ևս առանձնահատկություն կա, այսինքն՝ ԵԱՏՄ անդամ որևէ երկրում տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից հարգադրոշմում իրականացնելուց հետո բացառվում է ԵԱՏՄ մեկ այլ երկրի տարածքում համանման գործողություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Ավելի պարզ՝ մի երկրի կողմից մյուսի հարգադրոշմումը ճանաչվում է»,- ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարարը։
Միևնույն ժամանակ, ըստ Վարոս Սիմոնյանի, համաձայնագիրը թույլ է տալիս ստեղծել տեսչական մարմին, որն իրականացնելու է այցեր, և այդ ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրներում ստուգվելու է՝ արդյո՞ք գործող օրենսդրությունը համապատասխանում է այս համաձայնագրով սահմանված ընդհանուր կանոններին.
«Որևէ անհամապատասխանության դեպքում կազմվում է արձանագրություն և տրվում է ժամանակ՝ այդ հակասությունները վերացնելու համար։ Տեսչական առաջին այցը նախատեսվում է անդամ երկրների կողմից համաձայնագիրը վավերացնելուց հետո վեց ամսվա ընթացքում»։