Հեղինե Բիշարյանը դիմում է ԱԱԾ-ին. Պարզեք, ով է ՕԵԿ-ի անունից կեղծ լուրեր տարածում
«Իհարկե, կեղծ տեղեկատվություն է։ Մենք նման էլեկտրոնային փոստ չունենք»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։
Վերջինը չգիտի, թե ով է կանգնած դրա հետևում, ինչ նպատակ է հետապնդում։
«Ինչ որ մեկի լկտի ձեռագիրն է։ Տարածված տեղեկատվությունը կեղծ է, բացարձակապես կապ չունի ճշմարտության հետ։ Ես հենց հիմա զբաղվելու եմ դրանով, գրելու եմ ԱԱԾ-ին նամակ՝ մի հատ հասկանան, ով է օգտագործում այդ հասցեն ու թե ինչու է նման լուրեր տարածում»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր Panorama.am-ի խմբագրության էլ փոստին [email protected] հասցեից ստացվել է հաղորդագրություն՝ «ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի ուղերձը» վերնագրով, որտեղ մասնավորապես ասված է.
«Երեկ հանդիպել եմ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։
Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին»։
«Հայրենիք» կուսակցությունն էլ տարածեց հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Լրատվական կայքերում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, և իբր որոշ հարցեր են քննարկվել:
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել»։
Ավելի ուշ տարածված տեղեկությունը հերքեց նաև Արթուր Բաղդասարյանի մամլո խոսնակ Վահե Թորոսյանը.
«Տեղեկացնում եմ, որ Արթուր Բաղդասարյանի անունից կատարվող հայտարարությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Ավելին Արթուր Բաղդասարյանը չի հայտարարել ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին»։
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց իր անունից տարածված հայտարարությանը.
«Սիրելի Հայրենակiցներ։
Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ, ինչը միարժեք դատապարտելի է։ Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամլո ասուլիսով։
Թերևս սպասելի էր նաև տարիներ, որ լռությունից հետո մի հարցազրույցը կարող էր նման ալեկոծում առաջացնել։ Կրկնում եմ ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից և իմ դիրքորոշումներն եմ ներկայացրել որպես պետական գործիչ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին