Կրեմլը ողջունում է Արցախում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հեռանկարը
Կրեմլը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ է օգնել դրա հետագա տարածմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ ռուսաց լեզուն օգտագործվում է Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ այլ տարածքներում հաղորդակցվելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն։
«Բնականաբար, մենք դա ողջունում ենք, և ամեն կերպ պատրաստ ենք հետագայում ևս նպաստել ռուսաց լեզվի իմացության մակարդակի տարածմանը և պահպանմանը, մենք դա համարում ենք մեր խնդիրը», - ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը չի առաջարկել ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու Հայաստանում և Ադրբեջանում. «Սա ցանկացած երկրի ներքին գործն է»:
Նշենք, որ Ղարաբաղում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու հեռանկարի մասին հայտարարել էր WarGonzo ալիքը՝ վկայակոչելով Արցախի խորհրդարանի իր աղբյուրին: