Կստեղծվի բիզնեսի խնդիրների արագ արձագանքման աշխատանքային խումբ
««Իմ քայլը» խմբակցության՝ տնտեսական հարցերով զբաղվող պատգամավորները որոշել են ստեղծել աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով կարձագանքի բիզնեսի, գործարարների խնդիրներին»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով, կլինի աշխատանքային խումբ, որը կզբաղվի օպերատիվ լուծում պահանջող բոլոր այն խնդիրներով, որոնք մեր գործարարներն ունենում են՝ շինթուլտվություններից մինչև պետական մարմինների աշխատանքի հետ կապված հարցեր։
«Ամեն ինչ անելու ենք, որ այդ խումբը մաքսիմալ արագ ձևավորվի, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան: Պատրաստ ենք, ցանկության դեպքում, ներգրավել նաև մեր ընդդիմադիր գործընկերներին»,- նշեց Բաբկեն Թունյանը։
Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը և աշխատակարգը կհաստատվի հանձնաժողովի արտահերթ նիստում:
Իմքայլական պատգամավորը պետական մարմինների աշխատակիցներին կոչ արեց հնարավորինս օպերատիվ գտնվել և որևէ լրացուցիչ խնդիր չստեղծել բիզնեսի համար, ժամանակ չձգձգել, տարաբնույթ մեկնաբանության հնարավորություն ունեցող տարբեր կանոնակարգումները չօգտագործել բիզնեսի դեմ:
«Այս փուլում և ընդհանրապես սրանից հետո, խնդրում եմ, որ պատասխանատվության զգացումը բոլորիս մոտ մի փոքր ավելի բարձր մակարդակի վրա լինի»,- եզրափակեց խոսքը Բաբկեն Թունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին