Ադրբեջանցիները նախօրեին մոտեցել են Տեղ գյուղի դիրքերին
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերին նախօրեին ադրբեջանցիներ են մոտեցել, որոնք հայ դիրքապահներին պահանջ են ներկայացնել, թե այդտեղ իրենց դիրքերը պետք է լինեին։
Միջադեպի մանրամասները NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ նշելով, որ հակառակորդը մոտեցել է Արավուսի դիրքերին, նրանց հետ է զրուցել ջոկատի հրամանատար, Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։
«Ներքևից բարձացել են դեպի վերև՝ այն պոստերը, որտեղ մեր տղաներն են կանգնած։ Քարտեզները ձեռքներին ինչ-որ ճշտումներ էին անում, որ էս պոստում իբր, թե իրենք պետք է կանգնեն։ Արգամ Հովսեփյան իրենց հետ մաքուր ադրբեջաներենով խոսել է, որ քարտեզով մենք ճիշտ տեղում կանգնած ենք, սարի մի մասը մերն է ընկնում, մյուսը մասը՝ իրենցը, եթե ուզում են՝ իջնեն, ներքևում կանգնեն։ Զրույցը նորմալ է անցել, լարվածություն չի եղել, իրենք հետ են գնացել։ Մենք էդտեղից չենք իջնելու, կանգնած ենք ու էդպես էլ մնալու ենք։ Եթե մենք մեր տեղում կանգնում և պնդում ենք մեր կարծիքը, ապա դրա հետ ստիպված են հաշվի նստել բոլորը, և ոչ թե ով ինչ ասի՝ մենք ենթարկվենք»,- ասել է Ներսես Շադունցը։
Ներսես Շադունցի խոսքով՝ ադրբեջանցիները 10 հոգով են եղել՝ հրամանատարը, մարտական գծով տեղակալը ու զինծառայողներ։
«Սպաների ձեռքին առհասարակ զենք չկար, իսկ զինվորների ձեռքին զենք կար, բայց սպիտակ դրոշով են եղել։ Նույն եղել է մեր կողմում, հրամանատարի հետևի մի քանի հոգին զենքով են եղել, իսկ հրամանատարն առանց զենքի»,- ասաց նա՝ նշելով, որ դրանից հետո ոչ մի այլ միջադեպ չի գրանցվել։
«Ես ասել եմ՝ ամեն մեկդ ձեր պոստում կանգնեք, ձեր ծառայությունը իրականացրեք, իրենք գալու են կանգնեն, նայեն, կխոսեցնեն՝ կխոսեք, չեն խոսեցնի, իրենք թողելու են գնան»,- ասել է նա։
Դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին հանձնելուց հետո Տեղ խոշորացված համայնքը սահմանակից է դարձել Ադրբեջանին։ Սահմանի երկարությունը ընդհանուր առմամբ 60 կմ է, համայնքի 7 գյուղերից միայն Քարաշենն է, որ սահմանամերձ չի։ Սահմանամերձ դառնալը, թեև արոտավայրերի կրճատման կամ դրանց սահմանակից դառնալու պատճառով դժվարացրել է գյուղացիներից շատերի առօրյան, սակայն նրանք իրենց տները լքել չեն պատրաստվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան