Այս միջադեպը քաղաքական ուժերի հետ կապելու հստակ պատվեր է կատարում ԱԱԾ-ն. Բագրատ Եսայան
«Ազգային անվտանգության ծառայությունը 2,5 տարվա ընթացքում զբաղված էր ամեն ինչով, բայց ոչ իր ուղիղ գործառույթներով»,- ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
Մասնավորապես, ըստ նրա, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հանձնարարությամբ սատանա էին փնտրում, դիմակները կրելու պարտադիր պահանջն էին վերահսկում, գազալցակայաններում ՀԴՄ կտրոնը տպել-չտպելն էին փորձում վերահսկել, մինչդեռ երկիրը կանգնած էր այսպիսի լայնածավալ պատերազմի առաջ։
«Կարծում եմ՝ այս պատերազմում պարտության գլխավոր պատճառներից մեկը նաև ԱԱԾ-ի ոչ արհեստավարժ աշխատանքն էր, որը հանգեցրեց նրան, որ շատ բաներ մեզ համար անսպասելի էին, բայց ոչ իշխանության համար, որովհետև իշխանության նպատակն հենց այն էր, որ ԱԱԾ-ն զբաղվի ոչ նրանով, ինչով պարտավոր էր զբաղվել»,- ասաց Բ. Եսայանը։
ՀՅԴ-ական գործիչը ներկայացել է ԱԱԾ՝ նոյեմբերի 9-10 գիշերը ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման դեպքերի առնչությամբ։
«Ինքս ներկայացել եմ, քանի որ երեկ հաղորդագրության մեջ նշված էր, որ քրեահետախուզական միջոցառումներ են իրականացնում կազմակերպիչներին, մասնակիցներին բացահայտելու համար և ցույց են տալիս իմ նկարը: Եթե ինձ չեն ճանաչում, չգիտեն իմ գտնվելու վայրը, ես ինքս ներս եմ մտնելու ու պահանջելու եմ, որ ներկայացնեն այն մեղադրանքը, որն առաջադրվել է ինձ ու հիմք է հանդիսացել այդ տեսանյութը տեղադրելու, հաղորդագրությունը տարածելու համար: Եթե հիմա մեղադրանք չառաջադրեն, համարելու եմ կեղծ է, քաղաքական հետապնդման փորձ, այս միջադեպը քաղաքական ուժերի հետ կապելու հստակ պատվեր է կատարում ԱԱԾ-ն»,- ասաց նա:
Բ. Եսայանը չգիտի, թե ինչ մեղադրանք են փորձելու առաջադրել իրեն:
Նրա կարծիքով, ԱԱԾ-ի այդ հաղորդագրությունը պարունակում է նաև քրեական որոշակի հանցագործության տարրեր՝ իշխանության վերազանցում, պաշտոնեական դիրքի չարաշահում։
«Ես պատրաստվում եմ այդ հոդվածներով դիմում ներկայացնել նաև Հայաստանի գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով։
Ինչպես գրված էր ԱԱԾ հաղորդագրությունում, իմ լուսանկարը ցուցադրելուց հետո, ենթադրվում է, որ իմ նկատմամբ մեղադրանք պետք է առաջադրվի, եթե ինձ հիմա մեղադրանք չառաջադրեն, ես պահանջելու եմ ԱԱԾ տնօրենից սկսել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ով է
պատրաստել և տարածել այդ հաղորդագրությունն այս հիմնարկի անունից։ Ես պատրաստվում եմ դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ, ակնհայտորեն, խախտվում է մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը։ Պատրաստվում եմ դիմել նաև դատարան՝ պատվի, արժանապատվության վիրավորման հիմքով»,- նշեց նա։
Նրա խոսքով, իրենք այս գործընթացներին ականատես են եղել նաև 90-ականներին և ականատեսն են հիմա:
Բ. Եսայանն ասաց, որ այս քրեական գործով ինքը որպես վկա հարցաքննվել է, բաց ոչ այս էպիզոդով:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Եսայան. Փաշինյանի անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված պատվերի ապաշնորհ կատարման փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում
- Էլինար Վարդանյան. Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով
- Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԱԾ-ին. Դուք մինյոնների ցեղի վերարտադրության հովանավորն ե՞ք
- Ռ. Քոչարյանի գրասենյակ. ԱԱԾ ֆունկցիաներն անհրաժեշտ են դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում
- ԱԱԾ-ում եկել են եզրակացության. ԱԺ դիմաց բողոքի ակցիան Արցախ պատերազմի ելքով չէր պայմանավորված