2019-ին Հայաստանի բնակչությունը նվազել է, մահվան դեպքերն ավելացել, ծնունդները նվազել
2020թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 959.7 հազար մարդ։ 2019թ. տարեսկզբի համեմատ այն նվազել է 5600 մարդով կամ 0.2%-ով:
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2020» զեկույցի համաձայն, Հայաստանի մշտական բնակչության 47.2 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: 2020թ-ի տարեսկզբի դրությամբ բնակչության միջին տարիքը կազմել է 36.9 տարի, իսկ տղամարդկանց և կանանց համար, համապատասխանաբար՝ 34.8 և 38.8 տարի։
2019-ին հանրապետությունում գրանցվել է 36 հազար ծնունդ։ Այդ թիվը 600-ով քիչ է 2018-ին գրանցված ծնունդներից, 1700-ով՝ 2017-ին գրանցված ծնունդներից, 4600-ով՝ 2016-ին գրանցված ծնունդներից։
2019թ-ին նախորդ տարվա համեմատ հակառակ ծնունդների մահվան դեպքերն ավելացել են 1.7%-ով։ Ծննդյան և մահվան ցուցանիշների տարբերությունով ձևավորված բնակչության բնական հավելաճը 2019թ. կազմել է 9.8 հազար մարդ՝ 2018թ. 10.8 հազար մարդու համեմատ:
2019-ին մահվան պատճառ են հիմնականում դարձել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և չարորակ նորագոյացությունները։ Դրանց հետևանքով մահերը կազմում են ընդհանուրի շուրջ երեք քառորդը: 2018-ի համեմատ ավելացել են շնչառական օրգանների, չարորակ նորագոյացությունների, արտաքին պատճառների, մարսողական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերը:
2019թ. արձանագրվել է ամուսնության 15 561 և ամուսնալուծության 3 880 դեպք։ Համեմատության համար նշենք, որ 2018-ին գրանցվել է 14 822 ամուսնություն և 3 819 ամուսնալուծություն։
Ընդգծենք, որ այս ցուցանիշները վերաբերում են 2019-ին, երբ չկար կորոնավիրուսի համավարակը, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ մահացան, չկար պատերազմը, ինչի հետևանքով հազարավորները մահացան, հաշմանդամ դարձան։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան