«ԱրմենՏել»-ից՝ «Տելեկոմ Արմենիա». «Շատ կարևորում եմ մեր հայկական լինելու փաստը»
Հոկտեմբերի 29-ին վերջնականացվել է ՎԵՈՆ խմբի և «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը, որի համաձայն Վեոն Արմենիա ՓԲԸ-ն անցնում է «Թիմ» ՍՊԸ-ին: «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի (ապրանքանիշը Beeline) 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ-ում հիմնադրված և գրանցված «Թիմ» ՍՊԸ-ին: Այս մեկ ամսվա ընթացքում «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն արդեն հասցրել է փոխել իր իրավաբանական անվանումը և դառնալ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ: Beeline ապրանքանիշը, ըստ պայմանավորվածութան, դեռ կպահպանվի որոշ ժամանակ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ սեփականատեր «Թիմ» ՍՊԸ համասեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները:
Լրագրողների հետ հանդիպմանը Ալեքսանդր Եսայանն ասաց, որ արդեն ունեն ամբողջությամբ հայկական ընկերություն՝ «ԱրմենՏել»-ից փոխվելով «Տելեկոմ Արմենիայի», Հայաստանում գործող խոշոր 4 օպերատորներից միակն է, որն ամբողջությամբ հայկական է:
«Շատ կարևորում եմ մեր հայկական լինելու փաստը, քանի որ շահույթները մնալու են երկրում, ոչ թե դուրս են գալու երկրից ինչպես եղել է նախկինում»,- ասաց Հայկ Եսայանը:
Գործարքն արվել է Ամերիաբանկի ֆինանսավորման շնորհիվ:
«Գործարքն ամբողջությամբ ֆինանսավորել է Ամերիաբանկը: Այս պահի դրությամբ երկրորդ վերաֆինանսավորում ենք իրականացրել մասնակի, կատարվել է Արդշինբանկի միջոցներով: Այս պահին գործարքին մասնակցում է երկու բանկ: Քննարկում ենք իրականացնում նաև այլ ֆինանսական հաստատություններից ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ: Մեզ անհրաժեշտ են և վարկային տոկոսների իջեցման, նաև նոր ներդրումներ իրականացնելու համար»,- մանրամասներ ներկայացրեց Հայկ Եսայանը:
Նա նշեց, որ դրսի ֆինանսական հաստատությունները հետաքրքրված են իրենց վերաֆինանսավորելու հարցում, ուղղակի այդ դեպքում գործընթացը երկար է տվում, քանի որ իրենց չեն ճանաչում, երկիրը չեն ճանաչում:
Ալեքսանդր Եսայանն ասաց, որ «Թիմ» ընկերության աշխատակիցները միացել են «Վեոն» ընկերության աշխատակիցներին, այսինքն՝ ունենք նոր թիմ, որը զբաղվելու է հենց Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացմամբ:
«Այսօր Հայաստանը բավականին զարգացած է հեռահաղորդակցության ոլորտում, այն քայլեր, որոնք մենք հիմա նախապատրաստում ենք, ամբողջությամբ միտված են լինելու հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը, ունենալու ենք նոր ծրագրեր, լուծումներ»,- նշեց նա:
Հայկ Եսայանի խոսքով, առաջիկայում բաժանորդները կստանան լիովին նոր առաջարկներ և ծառայություններ, նոր ցանց են կառուցելու, շուրջ 3 ամսից Երևանում կունենան նոր օպտիկական ցանց: Փոփոխությունների հիմքում լինելու է New Generation Network (NGN) տեխնոլոգիայով կառուցված ցանց: Ըստ նրա, կառուցում են այնպիսի ցանց, որն ապագայում վերազինելն ավելի հեշտ կլինի:
Հ. Եսայանն ասաց, որ իրենք զարգացնելու են նաև տրանզիտի ուղղությանը, որը Բիլայնը չի ունեցել և այս ուղղութամբ արդեն աշխատանքներ կատարվել են:
Նա կարծում է, որ 2-3 տարում Հայաստանում առաջատար ինտերնետ մատակարարներից մեկը կլինի հենց իրենց ընկերությունը:
Խոսելով ներդրումների մասին՝ Հ. Եսայանն ասաց, որ 3-5 տարվա ներդրումային պլանը նախատեսել են մոտ 40-60 միլիոն դոլար հենց ցանցի կառուցման մեջ:
Հայկ և Ալեքսանդր Եսայանների ներկայացմամբ, ընկերությունը նոր ուղղություններ է զարգացնելու:
«Թիմ ընկերությունը ստեղծելու է փոքր ընկերություններ, որոնք զբաղվելու են IT տարբեր ուղղություններով», - ասաց Հայկ Եսայանը:
Ինչ վերաբերում է սակագնային քաղաքականությանը, նա նշեց, որ այս որոտն այն ոլորտներից է, որտեղ սակագներն իջնում են. ծառայությունների ծավալն ավելանում են, մարդիկ ավելի շատ ծառայություններ են ստանում վաղը, քան այսօր նույն արժեքով:
Նրանք հայտնեցին, որ առաջիկա 3 տարում 800 նոր աշխատատեղ են ստեղծելու: Վեոն ընկերությունն ունեցել է 1700 աշխատակից, այժմ արդեն ընկերությունն ունի 1900 աշխատակից: Թիմ ընկերության 480 աշխատակիցը միացել են նրանց: Հայկ Եսայանի կարծիքով, հենց Վեոն-ում կլինի 2000 աշխատակից, իսկ Թիմ խմբի մեջ, ինչպես արդեն նշվեց, տարբեր ընկերություններ են ստեղծվելու, միասին առաջիկա 2-3 տարում կունենան 2500-ից ավելի աշխատող:
«Մի շարք ծառայություններ Վեոն ընկերությունը ստացել էր արտերկրում գործող ընկերություններից: Այդ ամեն ինչը փորձելու ենք բերել Հայաստան ու մեր ներքին ռեսուրսներով անել՝ և ֆինանսապես լավ կլինի մեզ համար, նաև աշխատաշուկայի և աշխատատեղերի առումով»,- ասաց Հ. Եսայանը:
5 G-ի ներդման մասին հարցին ի պատասխան նա առաջարկեց 5 տարի մոռանալ դրա մասին:
«Եթե որևէ օպերատոր սկսի 5G վերահեռարձակել, որևէ կոմերցիոն նպատակ չի կարող ունենալ, միայն պիառային, քանի որ այսօր մեր երկրում մեր տնտեսավարողները դրա կարիքը չունեն: Դա առաջին հերթին ինդուստրիալ նշանակության ցանց է: Նվազագույնը 5 տարի դրա կարիքը չունենք: 4G և 4G+-ը բավարար են մեր հասարակությանը որակյալ ծառայությունների տրամադրման համար»,- նշեց Հ. Եսայանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը վերացրել է «Թիմ» ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու խոչընդոտը
- Հրապարակվել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը թույլատրելու որոշումը
- Թույլատրվել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «Թիմ»-ի համակենտրոնացումը
- ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան