ԱԱԾ մայոր. Սպային բնորոշ լռությունն ու չեզոքությունը պահպանելն այլևս վեր է իմ ուժերից
Մայոր Գրիգորի Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Ազգային անվտանգության ծառայության հարգարժան գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Ազգային անվտանգության ծառայությունում զբաղեցրածս պաշտոնից:
Շուրջ 13 տարի առաջ այս դժվարին, բայց պատվաբեր ուղու ընտրության հիմքում եղել է մեր Հայրենիքն առավել անվտանգ և ամուր տեսնելու երազանքն ու այդ երազանքին հասնելու համար որևէ ջանք չխնայելու երդումս:
Երախտապարտ եմ իմ բոլոր ղեկավարներին և գործընկերներին՝ այս տարիների համատեղ ծառայության համար: Ինձ համար մեծ պատիվ էր այս ճանապարհն անցնել ձեզ հետ միասին: Ես մշտապես զգացել եմ բոլորիդ հարգանքը, մասնագիտական աճ ունեցել գրեթե բոլոր ղեկավարների օրոք, ինչից էլ ներշնչվել է այն վստահությունը, թե միասին օրեցօր ավելի ենք մոտենում մեր երազանքների Հայրենիքին:
Ուզում եմ վստահեցնել բոլորիդ, որ այսօրվա իմ որոշման հիմքում չկա որևէ քաղաքական հաշվարկ: Պարզապես ինձնից նենգաբար գողացել են իմ երազանքը, և սպային բնորոշ լռությունն ու չեզոքությունը պահպանելն այլևս վեր է իմ ուժերից։
Երկրի վարչապետի ապաշնորհ և անհեռատես կառավարման արդյունքում մեր հասարակությունը ծայրաստիճան պառակտվեց, մենք կորցրինք մեր մեծ հայրենիքի այն մասը, որը երբեք թշնամու կողմից գրավված չէր եղել, և սերունդ, որը երբեք պարտություն չէր տեսել:
Այսօր, առավել քան երբևէ, երկրի ղեկավարի քաղաքական անկարողությունը կործանարար է մեր հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում, որոնցից ամենահրատապներն, անշուշտ, անհետ կորածների և գերիների հարցերն են:
Դեռևս հույս եմ հայտնում, որ պետությանը պատվով ծառայած սպայիս նման կտրուկ որոշումը իր տեղում և չափով որևէ կերպ կներազդի երկրի վարչապետի կողմից իրականությանը վերջապես առերեսվելուն՝ ի նշան անձնական և հանրային բողոքի։ Անասելի սեղմ է այն ժամանակը, որում նա պետք է սթափ գնահատի իր հեռանալու և նոր, կարող ուժերի համար ճանապարհ բացելու անհրաժեշտությունը։
Անվտանգ ծառայություն եմ մաղթում բոլոր համածառայակիցներիս և ամուր հավատ՝ մեր ընդհանուր երազանքի հանդեպ։
Պատիվ ունեմ:
Գրիգորի Թավադյան
Պահեստազորի սպա, մայոր»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի