
Լավրով. Մոսկվան ԵԱՀԿ-ից ակնկալում է ավելի շատ աջակցություն Արցախի հարցի կարգավորման գործընթացներում
Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի այդ հատվածը մեջբերել է «ՌԻԱ նովոտի»-ն:
Ըստ նրա, հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը շարունակում է պահանջարկ ունենալ:
«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի մեծ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Մենք դա ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որին մենք կշարունակենք նպաստել ամեն կերպ: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև համագործակցությունը»-ասել է Լավրովը: