Արցախում պատերազմի հետևանքով վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չէ
Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ. ընդհանուր առմամբ, վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և ավելացրել, որ չվերականգման ենթակա օբյեկտների մեծ մասը բնակելի տներ են:
Քաղաքաշինության նախարարի խոսքով, ներկայումս կանգնեցվել են ծրագրային բոլոր օբյեկտների, ճանապարհաշինության և բնակարանաշինության ոլորտների շինարարական աշխատանքները: Այժմ ավերված շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:
Պատերազմի ընթացքում քաղաքաշինության նախարարության հիմնական աշխատանքները կենտրոնացված էին քաղպաշտպանության ոլորտում. դրանք կապված էին նկուղների կահավորման հետ: Ա. Սարգսյանը նշել է, որ նկուղներում հիմնական խնդիրը կապված էր հոսանքների գծերի անցկացման, աթոռների, մահճակալների տեղադրման հետ:
Այս օրերին քաղաքաշինության նախարարության կողմից աշխատանքներն են ընթանում ավելի լայն թափով: Միայն Ստեփանակերտ քաղաքից արդեն իսկ ներկայացվել է 3000 դիմում: Հանրապետության շրջաններում, համագործակցելով շինարարական կազմակերպությունների հետ, հիմնական աշխատանքն իրականացվում է շրջվարչակազմերի միջոցով:
Հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանը՝ Ա. Սարգսյանը ներկայումս առաջնահերթ է համարում տանիքների և ջարդված պատուհանների վերականգման աշխատանքները, որոնք պետք է մինչև հունվար ավարտվեն:
Պատերազմի հետևանքով ավերածություններից ամենաշատը տուժել է Մարտունու շրջանը, մասնավորապես՝ Մարտունի քաղաքը, ապա նաև մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ա. Սարգսյանը տեղեկացրել է, որ ՌԴ աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8000 արագ կառուցվող բնակելի տուն, որոնք բաղկացած կլինեն 2,3,4 սենյակներից: Քաղաքաշինության նախարարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն արդեն ներկայացրել է առաջին 1000 տան դիմումները, որպեսզի, ըստ առաջնահերթությունների, իրականացվի հաշվառում և ներկայացվի ընտանիքների կազմը:
Անդրադառնալով պատերազմի հետևանքով կրթական, մշակութային և առողջապահական ոլորտների ենթակառուցվածքների ավերածություններին՝ նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ ևս գույքագրման աշխատանքներն ընթանում են: Այս համատեքստում Ա. Սարգսյանն առանձնացրել է Ստեփանակերտի նորակառույց ծննդատան շենքը, որում ավերածությունները զգալի թիվ են կազմում. ի դեպ ծննդատան նոր շենքը, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել էին, պետք է շահագործման հանձնվեր դեկտեմբեր ամսին:
Հարակից հրապարակումներ`
- Թեպետ Շուշիում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին. ԱԻՊԾ
- Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը
- Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը
- Բերձորում կան ավերածություններ․ Արցախի ԱԻՊԾ
- Արցախի ՄԻՊ. Ստեփանակերտում ավերածությունները մեծ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին