Բորել․ Ղարաբաղում հակամարտությունը ցույց տվեց աճող անկայունությունն ու անկանխատեսելիությունը, որ ազդում է մեր միջավայրի վրա
«Համաճարակի հետ միասին մեր անմիջական հարևանությամբ անվտանգության անկայունությունը սաստկացել է։ Արևելյան Միջերկրականում, կամ Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունը ցույց տվեց աճող անկայունությունն ու անկանխատեսելիությունը, որ ազդում է մեր միջավայրի վրա»,-այս մասին իր ուղերձում հայտարարեց ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Սրան, Բորելի խոսքերով, ավելանում է մուլտիլատերալիզմի թուլացումը, աճող ազգայնականությունը, գլոբալ ուժերի միջև աճող մրցակցությունը, կլիմայի փոփոխությունը, կործանարար տեխնոլոգիաների կիրառումը, կիբերհարձակումներն ու ահաբեկչությունը։
Բորելն ասաց՝ անվտանգության վերլուծությունները ցույց են տալիս, որ «կանգնած ենք ամենամեծ մարտահրավերների առաջ»՝ Սառը պատերազմից ի վեր։
Նշվեց, որ մեսիջը հստակ է՝ Եվրամիության անվտանգությունն ու պաշտպանական քաղաքականությունը ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն։
«Մեր առաջ կանգնած մարտահրավերները կարող են լուծվել միայն կոլեկտիվ եվրոպական պատասխանի միջոցով»,- ասաց Բորելը։