Պատվաստանյութերը կդնեն կորոնավիրուսի համաճարակի վերջակետը․ փորձագետները հույս ունեն
Մեծ Բրիտանիան կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստանյութ կսկսի կիրառել եկող շաբաթվանից: Pfizer-BioNTech ընկերությունների կողմից համատեղ ջանքերով ստեղծված այս պատվաստանյութն այստեղ իշխանությունների կողմից հավանության էր արժանացել երեքշաբթի օրը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ընկերությունը եկող մի քանի օրերի ընթացքում կառաջարկի պատվաստանյութի 800,000 չափաբաժին: Ընդհանուր առմամբ,այս ընկերության հետ կառավարությունը կնքել է 40 միլիոն չափաբաժին գնելու մասին պայմանագիր, որը կապահովի 20 միլիոն անձանց պատվաստումները:
Առաջինը պատվաստման կենթարկվեն հատուկ խնամատար հաստատություններում բնակվող անձինք և առողջապահության բնագավառի աշխատակիցները: Երկրորդ փուլի մեջ են ընդգրկված տարեց մարդիկ ու նրանք, ովքեր տարբեր հիվանդությունների պատճառով համարվում են կորոնավիրուսի դեմ խոցելի շերտ: Առողջ չափահաս անձինք պատվաստման համար պիտի սպասեն ևս մի քանի ամիս:
Ինչպես միկրոկենսաբան Սայմըն Քլարքն է ասում, դեռևս պարզ չէ, թե արդյոք այս պատվաստանյութը մարդկանց միայն պաշտպանում է հիվանդանալուց, թե նաև թույլ չի տալիս վարակվել ու վարակը փոխանցել ուրիշների:
Պատվաստանյութը հայտնաբերելուց հետո խնդիրը լուծված համարել չի կարելի, քանի որ առջևում կան այլ խնդիրներ ևս: Առաջին մեծ խնդիրը թերահավատ անձանց համոզելն է: Եվ կա կարծիք, որ թերահավատների ու կասկածամիտների մի հոծ զանգված կհրաժարվի պատվասման ենթարկվելու հնարավորությունից:
Մի քանի այլ երկրկներ ևս միլիոնավոր չափաբաժիններ են պատվիրել երկու այս ընկերություններից: Սակայն, քանի որ այս պատվաստանյութը պետք է պահվի մինուս 70 աստիճան սառեցման պայմաններում, աղքատ մեծ թվով երկրներ այն գնել չեն կարողանա:
Ինչպես Սայմըն Քլարքն է ասում, հույս կա, որ այն երկրներում, որտեղ պատվաստանյութերը կսկսեն օգտագործվել, կյանքը կսկսի հունի մեջ մտնել այս ձմեռն անցկացնելուց հետո:
Փորձագետները հույս ունեն, որ մինչ այժմ ստեղծված տասներկու պատվաստանյութերը, որոնք ևս կսկսեն շուտով կիրառվել աշխարհում, կդնեն կորոնավիրուսի համաճարակի վերջակետը: