Բերձորցիների բաց նամակը կառավարությանը. Հարգեք մեր կարգավիճակը, վերանայեք ձեր որոշումը
Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ թշնամուն հանձնված Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի տեղահանված բնակիչներին զարմացրել է կառավարության նիստում երեկ ընդունած որոշումը։
Նրանք այսօր բաց նամակ են հրապարակել՝ ուղղված աշխատանքի, սոցիալական հարցերի նախարարությանը՝ բարձրաձայնեով իրենց մտահոգող հարցերը.
«Այս դժնի ու անհույս օրերին, հասկանալով ՀՀ-ում և ԱՀ-ում առկա իրավիճակը, այնուամենայնիվ, չկարողացանք զսպել մեր զարմանքը` ծանոթանալով ՀՀ կառավարության 21.11.2020թ. N 1820-Լ և 27.11.2020թ. N 1891-Լ որոշումներով սահմանված` Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառմանը, ավելի ճիշտ, որոշման ՑԱՆԿԻՆ, որով սահմանվում են բնակավայրերը, որոնց բնակիչները կարող են օգտվել աջակցության ծրագրից:
Այսպիսով, նշված ցանկից բացակայում է Բերձորը:
Դա, առնվազն, զարմանք է հարուցում, քանի որ ոչ մի տրամաբանություն չկա Բերձորն այդ ցանկում չներառելու մեջ: Ի՞նչ է, ըստ ձեզ, Բերձորից տեղահանվածները չունե՞ն բնակարանային, առողջապահական, կոմունալ ծառայությունների կարիքներ, բերձորցիները չպիտի՞ վճարեն իրենց բնակվարձերը, թե՞ կորոնավիրուսն է մեզ շրջանցելու հատուկ հանձնարարական ստացել:
Այսինքն, եթե կա կառավարության որոշում, որով սահմանված միջոցառման նպատակն է.
Միջոցառման նպատակը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումն է:
Տարրական տրամաբանությունը հուշում է, որ կառավարության որոշման ցանկում Բերձորի չընդգրկվելը կարող է ունենալ միայն ու միայն ներքոնշյալ պատճառներից որևէ մեկը.
ա) բերձորցիներին Արցախի քաղաքացի չեք համարում,
բ) բերձորցիները չեն տեղահանվել, տեղահանվել են, բայց ո՛չ պատերազմի հետևանքով:
Այսպիսով, քանի որ վերոնշյալ պատճառներից ոչ մեկը ճշմարիտ չէ, մնում է ենթադրել, հարգարժան բարձրաստիճան տիկնայք և պարոնայք, որ դուք որոշել եք ընդամենը խնայողություն կատարել բերձորցիների հաշվին` հօգուտ որոշ (հասարակությանը ոչ անհայտ) ֆոնդերի:
Ցավալի է, շատ ցավալի, որ հաշվի չեք առել անգամ այն հանգամանքը, որ բզկտված, վերահառնած, ապա նորից բզկտված Բերձորը ողջ Հայաստանից հետ չի մնացել պատերազմին իր մասնակցությամբ: Ավելին, պատերազմի առաջին իսկ օրից Բերձորի որդիները եղել են ճակատի առաջնագծում:
Եվ հիմա, ի՞նչն է պատճառը, որ դուք հանրային դժգոհության նման իրավիճակում ձեր դեմ եք տրամադրում հարյուրավոր բերձորցիների, որոնք տարիներ շարունակ եղել են մեր պետության օրինապահ քաղաքացիներ և կատարել են իրենց պարտքը պետության հանդեպ:
Մեծարգո պարոնայք.
Հարգեք խնդրում ենք մեր կարգավիճակը, տուն-տեղից զրկված և լուրջ դժվարությունների առաջ կանգնած մարդկանց մի առանձնացրեք, մի զրկեք աջակցությունից: Վերանայեք ձեր որոշումը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգության խնդիրը հրատապ լուծումներ է ենթադրում
- Բերձորի կարգավիճակը դեռ որոշված չէ. Պեգով
- Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է
- Բերձոր. Անտերություն ու տագնապ
- «Բերձորը տալի՞ս ենք, թե՞ չէ». Քաղաքի բնակիչներն ակնկալում են պաշտոնատար անձանց հստակ պատասխան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին