Սամվել Կարապետյան. Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն
NEWS.am-ը ներկայացնում է հայտնի հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի` հայրենակիցներին ուղղված ուղերձի ամբողջական տեքստը.
«Թանկագին հայրենակիցներ,
Հայաստանն ու Արցախն այսօր դժվարին, առանց չափազանցության` ողբերգական ժամանակներ են ապրում: Գրվում է հայ ժողովրդի պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հերոսական դիմադրություն ցույց տալով թվով և տեխնիկապես զգալիորեն գերազանցող ադրբեջանա-թուրքական զավթիչ զորքերին, կորցնելով մեր զինվորների հազարավոր անգնահատելի կյանքերը` մենք այնուամենայնիվ ձախողվեցինք պատերազմում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի զգալի մասը:
Մենք պետք է խոստովանենք և ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում գործող կառավարությունը չկարողացավ կառավարել հայկական պետականությունը: Այն չկարողացավ կատարել իր ամենակարևոր պարտականություններից մեկը` ապահովել հայկական բանակի մարտունակությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը: Նրա վարած ներքին և արտաքին քաղաքականությունը սխալ էր և աղետի հանգեցրեց: Այս աղետի մասշտաբներն մի քանի անգամ ավելի մեծ կլինեին, եթե չլինեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, բացառապես որոնց շնորհիվ հաջողվեց դադարեցնել պատերազմը և պահպանել Արցախը:
Ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեր Հայրենիքը հայտնվեց շուտափույթ լուծում պահանջող ամենաբարդ քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրների առջև: Եվ ուստի մենք չենք կարող ժամանակ կորցնել և իրավունք չունենք զբաղվել ինքնախաբեությամբ: Մենք բոլորս և առաջին հերթին հենց ինքը` ներկայիս կառավարությունը, պետք է խոստովանենք, որ մի շարք պատճառներով վարչապետ Փաշինյանն ու ներկայիս կառավարությունն այլևս ի վիճակի չեն հայ հասարակության էներգիան դնել կառուցողական հունի մեջ, համախմբել ժողովրդին և անցնել մեր առջև կանգնած լուրջ խնդիրների լուծմանը:
Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն: Վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարական, նախարարների անցումային կաբինետի ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որոնց ժամանակ Հայաստանի քաղաքացիները նոր իշխանություն կընտրեն:
Մենք պետք է ամենակարճ ժամկետներում սկզբունքորեն նոր օրակարգ ձևավորենք Հայաստանի զարգացման համար: Իրատեսական ճանապարհային քարտեզ ստեղծենք մեր տնտեսության վերականգնման համար: Որոշենք երկրի արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորը` հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների փորձը: Հնարավորինս արագ բուժենք վերքերը, վերադարձնենք ազգի հավատն իր ուժերի նկատմամբ և սկսենք Հայաստանի և Արցախի վերածնունդը:
Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել: Առջևում մեր հաղթանակների ժամանակն է, և մենք այն բաց թողնելու իրավունք չունենք»:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Համբարձումյանը՝ Փաշինյանին. Ահա պատերազմը սկսելու պատճառը
- Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան