Ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել բժշկուհի Գայանեին, ով պատերազմի առաջին օրվանից դիրքերում էր
ՀՅԴ Կամավորական վաշտի հետ պատերազմի ողջ ընթացքում զինվորների կողքին կանգնած բժշկուհի Գայանե Սահակովան երեկ վարչապետի հրաժարականի պահանջով տեղի ունեցած ակցիայի ժամանակ ուժով բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից:
ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը գրում է.
«ԷՍ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈւՄ...
Այսօր ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, բերման է ենթարկել մեր Գայանեին, երիտասարդ փխրուն բժշկուհուն, ով պատերազմի առաջին օրվանից դիրքերում է եղել տղերքի հետ, առաջին օգնություն է ցուցաբերել, խնամել է վիրավորներին, տեսել է գումարտակի տասնյակ ընկերների մահը, բայց չի լքել մարտական դիրքը:
Իսկ այսօր, Երևանի կենտրոնում, ոստիկանի համազգեստով չորս հայ «տղամարդ», անհամաչափ ուժ կիրառելով, Գայանեին տարել են բաժին: Ձեզ եմ դիմում, «հերոսներ», այսքանից հետո ինչպե՞ս եք ապրելու, նայելու ձեր կանանց ու երեխաների աչքերի մեջ, էլի՞ եք արդարանալու, թե պագոնի տակ եք, ծառայության մեջ եք: Լավ, բա մարդկությունն ու՞ր մնաց: Էս ի՞նչ եք անում...»:
Գայանե Սահակովան գրել է.
«Դուք գիտե՞ք ինչ է նշանակում պատերազմի դաշտում հաց կիսել, մի ափսեից ուտել,մի բաժակով խմել, կիսել մի հատիկ շոկոլադը...հուզվել՝ չլացել, ուրախանալ, որ տնեցիների հետ այսօր խոսել ենք...էս տղեքը գիտեն...
Էս տղեքը իմ եղբայրներն են՝ սեպտեմբերի 27-ից, ես նրանցից մեկ եմ եղել, ում հետ նրանք կիսել են իրենց մի բաժին հացը...
Խաղաղ ցույց էինք անում, մեզ տրված ժամանակում փակում ու բացում էինք փողոցը, հանկարծ հրմշտոց սկսվեց, ոստիկանները քաշքշում էին եղբայներիս, տեսա, որ նրանց սկսեցին բերման ենթարկել եւ տարան դեպի մեծ ոստիկանական մեքենան...որոշեցի փակել հենց ոստիկանական մեքենայի ճանապարհը, հույսով, որ ոստիկանները կհասկանան՝ այս պայքարը իրենց դեմ չէ, իրենց եւ իրենց զավակների հնարավոր լավ ապագայի համար է եւ չեն տանի տղեքին...երբ եղբայրներիս բերման ենթարկող մեքենայի առաջը փակելու նպատակով նստեցի մեքենայի դիմաց, 4 ոստիկան՝ քաշքշելով, ոտքերս ու ձեռքերս բռնած, ինձ տարան, խծկեցին մեքենան, որտեղ եղբայրներս էին...նրանք սկսեցին ոստիկաններին համոզել, որ թողնեն ինձ. «չեք տեսնում, աղջիկ ա, մի քաշեք, թողեք, գոնե թողեք, թող ինքը գնա»-չթողեցին...
Ես նեղված չեմ, մեր պայքարն աթոռակռիվ չէ,արդար է...ես սրտնեղած եմ միայն եղբայրներիս համար, նրանք էլ, որ ինձ «բռնել» են...բայց....պետք է ասեմ, ես տեսել եմ էս տղեքին կռվի դաշտում-նրանք ԱՆԿՈՏՐՈՒՄ ԵՆ, հարգալից, ՊԱՏՎԱԽՆԴԻՐ-նրանք էս կռվից էլ չեն փախնելու, կիսատ չեն թողնելու-թեկուզ 1000 անգամ բռնեն...նրանց դավաճանել են մի գրչով, նրանց(մեր) սիրելի Արցախը դավադրաբար հանձնել են...նրանք կպայքարեն, կպայքարեն մինչեւ դավաճանը չգնա, մինչեւ մեր երկիրը գլուխը բարձրացնելու հնարավորություն չստանա՝ նիկոլի հեռանալով, էս տղեքը կպայքարեն, իսկ ես ուղղակի կլինեմ նրանց կողքին...
Հ.Գ-երբ Նիկոլը գնա, ես իմ եղբայրների հետ կկիսեմ մեր ուրախության հացը...ու կլինի շոկոլադ, շաաատ շոկոլադ...»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան